Հունվարի 31-ի դրությամբ, Շիրակի մարզում կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին դեղաչափ ստացել է 74.839 քաղաքացի, այսինքն 18-ից բարձր քաղաքացիների 42,5 տոկոսը։
Այս մասին այսօր Շիրակի մարզպետի մոտ կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրել է կառույցի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պարտականությունները կատարող Լեյլի Ասլանյանը:
Մարզպետ Նազելի Բաղդասարյանը կարևորել է գործընթացի ակտիվացումը, քաղաքացիների շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացումը։
«Առողջության առաջնային պահպանման օղակի ծանրաբեռնվածությունն այս փուլում մեծացել է, ինչը բնական է, այստեղ պետք է հնարավորինս աչալուրջ լինել, ակնկալում եմ բոլորի համագործակցված աշխատանք, որը կբերի բուժհաստատությունների միջև ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման և հիվանդներին ժամանակին և որակով բուժօգնություն ցույց տալուն»,- նշել է մարզպետը։
Հունվար ամսին կատարվել է 894 նմուշառում, որից 283 քաղաքացու մոտ թեստավորման պատասխանը եղել է դրական։ Այսօրվա դրությամբ դրական թեստավորմամբ առաջնային օղակում 363 քաղաքացի է հսկողության տակ։
«Աշխատանքում խիստ հետևողականություն ցուցաբերելով ու արագ արձագանքելով, հակահամաճարակային կանոնների պահպանմամբ ու հոգացավ վերաբերմունքով կկարողանանք պայքարել համավարակի դեմ ու զերծ մնալ նոր բռնկումներից ու ալիքներից»,- Շիրակի մարզի բժշկական հաստատությունների ղեկավարների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ ընդգծել է Նազելի Բաղդասարյանը։
comment.count (0)