Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից
06:14 - 22 մարտի, 2019

Ազատազրկված քուրդ ընդդիմադիր գործչին պարգևատրելու եկած ֆրանսիացիներն արտաքսվել են Թուրքիայից

Թուրքիան երկիր մուտք գործելու թույլտվություն չի տվել Ֆրանսիայի երկու քաղաքացիների, ովքեր Ստամբուլ էին ժամանել Սելահաթթին Դեմիրթաշին պարգևատրելու նպատակով։ Միշել Լաուրենտն ու Սիլվի Ժանը Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովրդադեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) նախկին համանախագահին պետք է հանձնեին «Montluc - Résistance et Liberté» գրական մրցանակը։

Ermenihaber-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի քաղաքացիները 40 ժամ շարունակ պահվել են Ստամբուլի օդանավակայանում՝ առանց պատուհանների մի սենյակում, իսկ այնուհետև արտաքսվել են երկրից։

Դեմիրթաշը «Emmanuelle Colas» հրատարակչության կողմից դեռ 2019թ․ փետրվարի 10-ին պարգևատրվել էր «Montluc - Résistance et Liberté» մրցանակով, որը Ֆրանսիայի կարևորագույն գրական մրցանակներից մեկն է։ Հրատարակչությունը մրցանակը Սելահաթթին Դեմիրթաշի կնոջը՝ Բաշաք Դեմիրթաշին հանձնելու նպատակով լիազորել է Միշել Լաուրենտին։ Վերջինս մարտի 18-ին ժամանել է Ստամբուլ, որտեղ պարզվել է, որ նրա մուտքը Թուրքիա արգելված է։ Լաուրենտին ուղեկցող Ժանը վախեցել է նրան միայնակ թողնել օդանավակայանում, ուստի նույնպես հրաժարվել է երկիր մուտք գործելուց։

Ֆրանսիայի քաղաքացիների փաստաբանները միջադեպի առթիվ գրավոր հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է․ «Մարտի 19-ին մենք այցելել ենք Ստամբուլի օդանավակայան, սակայն մեզ թույլ չեն տվել տեսակցել մեր պաշտպանյալների հետ՝ այն անհեթեթ պատճառաբանությամբ, որ օդանավակայանը նորակառույց է։ Մեր պաշտպանյալները զրկվել են իրավական ինքնապաշտպանության իրավունքից։

Պատասխանատու անձինք ոչ մի կերպ ոչ մեզ, ոչ մեր պաշտպանյալներին չեն մեկնաբանել կիրառված արգելքի հիմքերը։ Մեր պաշտպանյալներին ապօրինաբար արգելվել է մուտք գործել երկիր, և կարծես դա էլ բավարար չէ, մինչև երկրից արտաքսվելը՝ 40 ժամ շարունակ նրանք պահվել են պատուհաններ չունեցող մի սենյակում։ Դրա դեմ մեր ներկայացրած բողոքներին մեզ պատասխանեցին, որ օդանավակայանը դեռ նոր է, իսկ Ֆրանսիայի հետ թռիչքները կանոնավոր չեն»։

Լաուրենտի և Ժանի փաստաբանները տեղեկացրել են նաև, որ իրենց պաշտպանյալների դեմ կիրառված արգելքի վերացման նպատակով իրավական գործընթաց են սկսելու։

armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել