Փաշինյանի խոսքով՝  գերիների հարցը բոլոր բանակցություններում քննարկվում է և միջոցներ ձեռնարկվում են
18:38 - 08 դեկտեմբերի, 2021

Փաշինյանի խոսքով՝ գերիների հարցը բոլոր բանակցություններում քննարկվում է և միջոցներ ձեռնարկվում են

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ  քայլեր է ձեռնարկում կառավարությունը գերեվարված անձանց վերադարձի համար, հիշեցրեց ՄԱԿ-ի միջազգային դատարանում Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի։

«Ամենաթարմ օրինակը, երբ մեր կառավարությունը հարցը բարձրացրել է միջազգային դատարանում և կարծում է, որ դատարանը շատ կարևոր արձանագրում է արել։ Իհարկե, զուտ ռազմագերիներին, պատանդներին այլ պահվող անձանց անմիջապես ազատ արձակելու պահանջով հանդես չի եկել միայն մի պատճառով, որովհետև այդտեղ ռասայական խտրականության արտահայտություն չի տեսել, բայց մյուս կողմից արձանագրել է, որ մարտական գործողությունների ընթացքում գերեվարված անձինք պետք է միջազգային կանոնների համաձայն հայրենադարձվեն։ Մնացած մասով մենք ամենօրյա աշխատանք ենք անում մեր բոլոր դիվանագիտական ճանապարհով, բոլոր բանակցություններում այդ հարցը քննարկվում է և միջոցներ ձեռնարկվում են»։

Անդրադառնալով Արծվիկ Մինասյանի մյուս դիտարկմանը, որ վարչապետը չի եկել գերիների և անհետ կորած զինծառայողների վերաբերյալ քննարկմանը,  Փաշինյանն ասաց․ «Երբ հրավեր եղավ, ես ասացի, որ ընդունում եմ հրավերը, բայց մյուս կողմից էլ, կներեք, հիմա կոնկրետ օր ժամ նշանակել, երբ օր ժամ նշանակելու պահին ես տեղյակ չեմ, բայց կարող է այդ օրը նախապես այլ միջոցառում է նշանակված։ Ես ձեզ կարող եմ այլ բան առաջարկել․ առաջիկայում որոշակի իրադարձություններ են նախատեսվում, բանակցություններ են նախատեսվում, և ես կարող եմ ձեզ առաջարկել, որ այդ բանակցություններից հետո, օրինակ, դեկտեմբերի 15-ից հետո հանդիպենք, իհարկե դռնփակ ռեժիմով և դռնփակ ռեժիմում բոլոր հարցերը պարզաբանենք»։

Փաշինյանն ընդգծեց, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և ինքը չի խուսափում որևէ քննարկումից։

Հիշեցնենք` այս տարվա նոյեմբերի 20-ին պարզ դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցներից հետո, համաձայնության են եկել դեկտեմբերի 15-ին հանդիպել Բրյուսելում՝ ԵՄ Արևելյան գործընկերություն գագաթնաժողովի շրջանակներում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել