Վիլեն Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխության նախագիծ է ներկայացրել՝ կանխելու հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ղազինյանի առաջադրումը
11:13 - 19 նոյեմբերի, 2021

Վիլեն Գաբրիելյանն ԱԺ կանոնակարգում փոփոխության նախագիծ է ներկայացրել՝ կանխելու հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում Ղազինյանի առաջադրումը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը հեղինակել է նախագիծ, որով առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել՝ կանխելու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանի առաջադրումը պաշպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։  

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տեւական ժամանակ չի կարողանում ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իրավասու խմբակցությունը  անընդհատ առաջադրում է նույն թեկնածուին, ում հանձնաժողովի անդամների մեծամասնությունը չի ընտրում»։

Ըստ նախագծի հեղինակի՝ գործող կարգավորմամբ մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու դեպքում իրավասու խմբակցությունը քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, թափուր մնացած պաշտոնի համար առաջադրում է նոր թեկնածու, սակայն օրենքով չի կարգավորվում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության կարգը: «Այս բացը չկարգավորելու հետեւանք կարող է դառնալ այն, որ ՀՀ Ազգային ժողովի ցանկացած հանձնաժողով կարող է բախվել նույն խնդրին եւ ամբողջ գումարման ընթացքում չունենա մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:

Օրենքում լրացումներ կատարելու արդյունքում, եթե թեկնածու առաջադրելու իրավունք ունեցող խմբակցությունը հինգ աշխատանքային օրվա ընթացքում մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի նոր թեկնածու չառաջադրի, ապա տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը կանցնի խմբակցությունների գործակիցների հաշվարկի սկզբում ամենամեծ գործակիցն ունեցող խմբակցությանը:

Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Արթուր Ղազինյանին։ Նա, սակայն, 12 անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ․ հանձնաժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ են քվեարկել նրա թեկնածությանը։

Նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ նիստերի ընթացքում հայտարարել էր, որ այս խնդիրը լուծելու են ԱԺ կանոնակարգ օրենքում լրացումներ կատարելու միջոցով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել