Ֆիզիկական բռնության ենթարկվածները՝ նաև սեռական բռնության զոհեր
16:40 - 03 նոյեմբերի, 2021

Ֆիզիկական բռնության ենթարկվածները՝ նաև սեռական բռնության զոհեր

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» տրամադրած տվյալներով՝ 2019-21 թթ. սեռական բռնության դեպքերի թիվը կազմել է 86, որից` 2019 թվականին`31 դեպք (6-ը` ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից), 2020 թվականին՝ 32 դեպք (5-ը ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից), 2021 թվականի ութ ամիսների դրությամբ՝ 23 դեպք (8-ը ընտանիքի անդամի կամ զուգընկերոջ կողմից): 

Խոսելով ընտանիքում բռնության 4 տեսակների մասին՝ հոգեբանական, ֆիզիկական, սեռական և տնտեսական՝ «Կանանց իրավունքների կենտրոնի», այժմ՝ «Կանանց աջակցման կենտրոնի» հոգեբան Մարինե Եղիազարյանը նշում է, որ դրանք հիմնականում փոխկապակցված են դրսևորվում: Միակ տեսակը, որ կարող է առանձին դրսևորվել, հոգեբանական բռնությունն է։ Մնացած տեսակներում անհնար է, որ մյուսներից տարրեր չլինեն. եթե սեռական բռնություն է, ֆիզիկական և հոգեբանական բռնության դրսևորումներ կան, եթե ֆիզիական բռնություն է, միանշանակ նաև հոգեբանական բռնություն կա:

«Իմ թերապևտիկ հոգեբանական աշխատանքից եթե խոսեմ, ֆիզիկական բռնության զոհերի մեծ մասը ենթարկվում են սեռական բռնության: Բայց այդ մասին բարձրաձայնելը դժվար է: Դրա համար, երբ որ արդեն թերապևտիկ պրոցեսը կա, երբ որ փոխվստահության մթնոլորտը կա, այդ ժամանակ վերապրողներն սկսում են պատմել, որ իրենց կյանքում նաև այդ բռնության դրսևորումները կան: Առհասարակ, ընտանեկան բռնության մասին խոսելիս, մենթալիտետի հետ կապված, ասոցացիան գնում է դեպի ֆիզիակական բռնությունը, ու բռնության մյուս տեսակները կարծես երկրորդ, երրորդ պլան են մղվում, և եթե ընտանեկան բռնություն ապրողը տարիներ շարունակ ենթարկվում է հոգեբանական կամ սեռական բռնության, շատ հաճախ դա, որպես այդպիսին, բռնություն, չի ընկալվում: Այստեղ ավելի շատ կարծես թե գնում ենք նորմալիզացիայի խնդրին, որովհետև եթե խոսենք հենց սեռական բռնության մասին, ինքս՝ որպես տարիների փորձառություն ունեցող մասնագետ, կարող եմ նշել, որ հիմնականում խնդիրը սկսվում է հենց սեռական հարաբերություններից: Բայց խնդիրը զույգերի համար շոշափելի չէ, լատենտային բնույթ է կրում, ու շատ հազվադեպ է, որ վերապրողները գիտակցում են կամ բարձրաձայնում են խնդրի մասին: Որովհետև եթե նույնիսկ մտերմիկ շրջանակներում փորձում են խոսել այդ մասին, տեղի է ունենում նորմալիզացիա. ասում են՝ իմ փորձն էլ է այդպիսին, դա նորմալ է, դա պարտականություն է, քո ամուսինն է։ Այս ձևով կարծես թե փորձում են նորմալիզացնել, և լատենտային ձևով տարիներ շարունակ ենթարկվում են սեռական բռնության: Շատ հազվադեպ է պատահում, որ երբ կինը զանգահարում է, միանգամից սեռական բնույթի հայցով լինի, բայց երբ կա արդեն թերապևտիկ պրոցես, չորրորդ, հինգերորդ հանդիպման ժամանակ սկսում է պատմել, որ սեռական բռնություն իր անձի հետ կատարվել է»:

Այսինքն՝ ֆիզիական բռնության դեպքերով դիմումների արդյունքում է պարզվում, որ անձը նաև սեռական բռնության է ենթարկվել: Չնայած հոգեբանը որպես մասնակի դիտարկում է նշում, որ վերջին շրջանում հենց սեռական բռնության դիմումներ էլ են արձանագրվում: Իսկ ե՞րբ են անձինք դիմում նման խնդրով. «Վերապրողը զանգում է հենց սեռական բռնության զանգով այն ժամանակ, երբ, օրինակ, ամուսինը սիրուհուն բերում է տուն և վերապրողին ստիպում է, որ միասին սեռական հարաբերություն ունենան: Ունեցել ենք դեպք, երբ ամուսինը ստիպել է կնոջը, որ իր ընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենա, իսկ ինքը նայելով բավարարվածության զգացողություն է ունեցել: Այսինքն՝ ինչպես վերապրողներն են սիրում նշել, նաև նրանք հետաքրքիր տերմին են դուրս բերել, ասում են՝ ոչ ավանդական սեռական հարաբերություններ: Սեռական բնույթի ակտը, որ տեղի է ունենում իրենց պատկերացումների շրջանակներում, թեկուզ բռնության միջոցով, դիտարկում են նորմալ, որպես պարտականություն, հենց մի քիչ իրենց ընկալումներից շեղում է տեղի ունենում՝ նույն իրենց նշած ոչ ավանդական սեռական հարաբերությունները, արդեն ձևավորում է հայց սեռական բռնության առումով: Մի կողմից՝ նորմալիզացվում է, մյուս կողմից՝ ամոթի, խայտառակ լինելու, հասարակության աչքին չերևալու համար քչերն են կարողանում հոգեբանորեն հաղթահարել դա ու դիմել ոստիկանություն, մյուս կողմից էլ չկա այդ գիտակցությունը, որ այդ ոլորտում էլ կարող է լինել բռնություն: Նաև ոստիկանության համակարգում ունենք խնդիր, որ նաև շատ դեպքեր ենք ունենում, որ բռնարարը հենց ոստիկան ամուսինն է, ու եթե կինը գնա դիմի խնդրով, առաջին ուղղորդողը հենց ոստիկանն է լինելու, որ դա քո ամուսինն է, դա քո պարտականությունն է և այլն: Կարևոր է ոստիկանության համակարգում պրոֆեսիոնալիզմի ձևավորումը, որովհետև կարևոր աշխատանքային ոլորտ է, ու կարևոր է, որ պրոֆեսիոնալ մտածողությունն այնքան շատ լինի, որ կարողանանք աշխատանքային ու անձնական սահմանները դնել, չխախտել, չխառնել մեկը մյուսին, սուբյեկտիվ ուղղորդումներ չանել, առաջնորդվել օրենքի շրջանակներում»:

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնի» հոգեբան Սիրանուշ Դավթյանն էլ է հաստատում, որ Հայաստանում շատ հաճախ կանայք, ամոթից ելնելով, չեն խոսում սեռական բռնության մասին: Կենտրոն դիմողներն ավելի հակված են խոսելու ֆիզիկական բռնության մասին, իսկ սեռական բռնության մասին խոսակցությունները դժվար խոսակցություններ են: Այդուհանդերձ, հոգեբանը փաստում է. «Ամբողջ աշխարհի վիճակագրությունն է ցույց տալիս, որ ամեն երրորդ կին, որն ընտանեկան բռնության է ենթարկվում, նաև սեռական բռնության զոհ է»: 

Իսկ ընտանիքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի բացահայտումը, նրա խոսքով, կատարվում է կա՛մ անչափահասների հղիության դեպքերով, կա՛մ կողմնակի մարդկանց կողմից: «Սովարաբար սեռական բռնությունը անչափահասի նկատմամբ ունի իր դրսևորումները, բռնություն կիրառող մարդը մանիպուլյացիայի է ենթարկում երեխային․ եթե մեկին ասի, կծեծի նրան, չեն հավատա իրեն, հատկապես երբ ընտանիքի մտերիմ մեկն է կամ ընտանիքի անդամ: Քիչ դեպքերում է լինում, որ անչափահասը խոսում, բարձրաձայնում է իր հետ կատարված սեռական բռնության մասին, որովհետև վախեր է ունենում: Երեխան կարող է փորձել ասել՝ իր կարիքից ելնելով, բայց շատ դժվար է խոսել դրա մասին, կարևոր է, որ դիմացի մարդն էլ իրավագիտակից լինի, որ հասկանա՝ երեխան ինչի մասին է խոսում: Կարող է բացահայտվել տարբեր իրադրային իրավիճակներով և, ցավոք սրտի, շատ ուշ փուլերում, երբ կա, օրինակ, անչափահասի հղիություն։ Փորձում են բացահայտել՝ ինչպես է հղիացել, պարզվում է, որ ընտանիքի որևէ անդամի կողմից է եղել սեռական բռնությունը: Կա՛մ դեպքը բացահայտվում է մեկ այլ անձ, կա՛մ ընտանիքի որևէ այլ անդամ է արձանագրում․ ունեցել ենք դեպք, երբ հարևանը մի պահ մտել է ու ականատես դարձել բռնությանը»:

Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)՝ երեխաների աջակցության կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանի ներկայացրած տվյալներով՝ կենտրոնում միայն վերջին երկու տարում բռնության ընդհանուր 17 դեպք է եղել, որից 4-ը՝ սեռական բռնություն, 4-ը՝ ընտանիքի անդամի կամ կապակցված անձի կողմից: Բոլոր տուժողներն աղջիկներ են: «Բռնության տարբեր տեսակներից տուժած երեխաներ են, մեծ մասամբ՝ համակցված, այսինքն՝ կա և՛  ֆիզիկական բռնություն, և՛ հոգեբանական, և՛ անխնամություն, և՛ արհամարհանք, և չարաշահում, և շահագործում: Ունենք նաև թրաֆիքինգի դեպքով մի ընտանիքից երեխաներ, որոնց ծնողների դեմ սեփական երեխաներին թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով քրեական գործ է հարուցված: Ցավոք սրտի, ունենում ենք նաև ինցեստի դեպքեր, երբ որ հայրը կամ հայրացուն, որպես կանոն, մոր զուգընկերը կամ ավագ եղբայրն՝ այլ ամուսնությունից, երբեմն էլ նույն ծնողներից, ոտնձգություն է կատարում երեխայի հանդեպ: Անցյալ տարի ինցեստի 3 դեպք ենք ունեցել՝ ընտանքիի անդամների կողմից: Սեռական բռնություններով մեզ մոտ եկած դեռահասների տարիքները՝ 14, 15, 16 տարեկան, երեխա ունեինք, 9 տարեկանից էր սեռական բռնության ենթարկվել:

Սեռական բռնության առանձնահատկությունը հենց այն է, որ երեխաները ներքաշվում են իրենց տարիքին անհամապատասխան գործողությունների մեջ, որոնց ո՛չ էությունը, ո՛չ հետևանքները չեն գիտակցում: Եվ օգտվելով նրանց խոցելիությունից, գայթակղելով, պարգևատրումներ խոստանալով, հրապուրիչ ինչ-որ բաներ առաջարկելով՝ կամաց-կամաց բռնարարը մոտենում է երեխային և հետո նրան վարժեցնում այդ տեսակ կյանքին: Իսկ ընտանիքներում սեռական բռնության երևույթները բացատրվում են արժեքային խեղաթյուրումներով: Մայրերի, զուգընկերների կողմից աղջիկ երեխաների հանդեպ ոտնձգությունները երկու տիպի են՝ մոր իմացությամբ և առաջարկով, օրինակ՝ ծերացող կինը, որպեսզի զուգըներոջը պահի իր մոտ, ինքն է առաջարկում սեփական երեխային           որպես վարժանք տղամարդու համար, և երկրորդ՝ օգտվելով կնոջ խոցելիությունից և որպես վճար իր նվիրվածության, որ շարունակի փող բերել, շարունակի նրա մոտ մնալ, պահանջ է տղամարդու կողմից: Մի դեպքում նախաձեռնությունը կնոջ կողմից է, մի այլ պարագայում տամարդու կողմից նախապայման է կնոջ համար: Կան նաև դեպքեր, երբ տեղի է ունենում գաղտնի, մայրը դրան չի տիրապետում, զուգըներն ուղղակի օգտվում է երեխայի խոցելությունից, ձևավորում են գաղտնիք՝ մամային չասենք, դա մեր գաղտնիքն է, դա սիրո արտահայտություն է, ես այդպես քեզ սիրում եմ…  Ամեն տարի մոտավորապես 3-4 այդպիսի դեպք ենք ունենում:

Ընտանիքները կազմալուծված, արժեքային համակարգը խեղաթյուրված, դերային խառնաշփոթ ունեցող, պրիմիտիվ կենսաձևով, առանձնապես կրթությունը չկարևորող, ցածր ցենզով, մարգինալացված ընտանիքներ են։ Եղել են դեպքեր սովորական ընտանիքներից, որտեղ գուցե կենցաղն այդքան պրիմիտիվ չէ, որտեղ գուցե այդ աստիճան ցենզի խնդիր չկա, բայց այդտեղ էլ հանդիպում ենք արժեքային խեղաթյուրման՝ նույն այդ մայրիկների մոտ, որ ուզում են զուգընկերներին պահել իրենց կողքին:

Կրթությունը զորեղ գործիք է, նման երևութների դեմ պայքարելու համար ճիշտ կլինի, որ ապագա ծնողների մեջ ներմուծենք երեխաների հանդեպ հարգանք, երեխայի ինտիմ տարածքի հանդեպ հարգանք, մանկապարտեզ գնացող երեխային սովորեցնենք պաշտապանության միջոցներ, որ քո մարմինը քո սեփականությունն է, և որևէ մեկն իրավունք չունի ձեռք տալ քո մարմնին, սովորեցնենք երեխաներին ասել «ոչ»: Նույն քննիչը, հոգեբանը, սոցիալական աշխատողը, ուսուցիչը գործիք պիտի ունենան իրենց ձեռքում երեխային պաշտպանելու: Նման թեմաները չի կարելի քաղաքականացնել, դրանք քաղաքական թեմաներ չեն, ոչ էլ ազգային, ոչ էլ տրադիացիաների: Տրադիացիաների մե՞ջ է մեր երեխաներին այս վիճակի մեջ գցելը, հայկական ժողովրդական սովորությո՞ւն է, ի՞նչ է, մեր ազգային արժեքների մեջ կա՞ ինցեստը, ի՞նչ է, խրախուսո՞ւմ ենք, որ որևէ մեկը որևէ մեկի հանդեպ բռնություն գործադրի: Սա արատավոր երևույթ է, որ պետք է արմատախիլ անել»,-ասում է Միրա Անտոնյանը:

 

Հոդվածը պատրաստվել է Կանանց ռեսուրսային կենտրոնի և Սեռական բռնության   ճգնաժամային կենտրոնի կողմից համատեղ իրականացվող՝ «Բարելավելով Հայաստանում պետական մարմինների արձագանքը սեռական բռնության և սեռական ոտնձգությունների խնդրին» ծրագրի շրջանակում:

Ադրինե Թորոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել