ԲՏԱ նախարարը մասնակցել է Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի 2-րդ հանդիպմանը
14:19 - 04 սեպտեմբերի, 2021

ԲՏԱ նախարարը մասնակցել է Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի 2-րդ հանդիպմանը

Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ սեպտեմբերի 3-ին Բենինի Կոտոնու քաղաքում տեղի է ունեցել Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի (Réseau Francophone des Ministres en charge de l'Économie Numérique (RFMEN)) 2-րդ հանդիպումը, որին առցանց տարբերակով մասնակցել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:

Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի ստեղծման մասին պաշտոնապես հայտարարվել է դեռևս 2018 թ․ հոկտեմբերի 10-ին Երևանում կայացած Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի ժամանակ:

Ցանցի հիմնական առաքելությունն է՝ խթանել ֆրանսախոս տարածքում թվային տնտեսության ցուցանիշների աճի ուղղությամբ ջանքերի համատեղումը։

Հանդիպման առանցքային թեման թվայնացման ոլորտում ֆրանսալեզու երկրների միջև մարտահրավերներին ուղղված համագործակցությունն էր և արդի թեմաների վերհանումը, որոնք կներկայացվեն առաջիկա Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակից պետությունների ղեկավարների դիտարկմանը:

Հանդիպման ընթացքում ելույթներ են ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարը, Թվային տնտեսության հարցերով ֆրանսալեզու երկրների նախարարական ցանցի նախագահը, Բենինի արտաքին գործերի և համագործակցության հարցերով նախարարը և ՖՄԿ անդամ պետությունների թվայնացման հարցերով գերատեսչությունների ղեկավարները:

Անդրադարձ է կատարվել Նախարարական ցանցի գործողությունների ճկուն ձևաչափին, ինչպես նաև 2022-2026 թթ. Ֆրանկոֆոնիայի ռազմավարությանն առնչվող հարցերին:

Վերջինս վավերացման նպատակով Թունիսի Ջերբա քաղաքում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի ընթացքում կներկայացվի անդամ պետությունների ղեկավարների դիտարկմանը։  

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել