Հրադադարի պահպանման համար Ռուսաստանը ևս պատասխանատվություն է կրում․ Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|
12:35 - 16 օգոստոսի, 2021

Հրադադարի պահպանման համար Ռուսաստանը ևս պատասխանատվություն է կրում․ Անդրանիկ Քոչարյան |azatutyun.am|

azatutyun.am: Հավերժ պատերազմական իրողությունների մեջ պահել պետությունները սահմանային դիրքերում հնարավոր չէ, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց 8-րդ գումարման Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ եթե հրադադարի ռեժիմ է հայտարարված, պետք է այդ ռեժիմի հետ կապված բոլոր գործողությունները դառնան իրականություն։

Կառավարության վերջին նիստի ժամանակ, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը պատրաստ է բանակցային գործընթացում ներգրավվել թե՛ բարձր, թե՛ բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների։

Վարչապետն առաջարկում է, որ շարունակեն խոսել, իսկ խոսելու ընթացքում գտնել այն լուծումները, որոնք կրակոցներով գտնել երբեք հնարավոր չի լինելու՝ ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը՝ շեշտելով՝ հրադադարի պահպանման համար պատասխանատվություն է կրում նաև երրորդ կողմը՝ Ռուսաստանը։

Քոչարյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․

«Ազատություն»․ - Վարչապետն իր ստացած մանդատը բնութագրում է իբրև խաղաղության մանդատ, բայց ի՞նչ անել այդ մանդատի հետ, եթե հակառակորդը համաձայն չէ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի մտադրության հետ։

Անդրանիկ Քոչարյան․ - Հետպատերազմյան մեր թերությունները վերացնել, երկրում ձևավորել ներդաշնակ կառավարում, հստակեցնել մեր նպատակները։ Կառավարության ծրագիրը շուտով կբերվի և այդ ծրագրի շուրջ միասնական պետք է մենք իրականացնենք գործողություններ, որը որ հակառակորդին տեսանելի կլինի, որ խաղաղությանն այլընտրանք գոյություն չունի։

«Ազատություն»․ - Այս վերջին մի քանի օրվա ընթացքում, պարոն Քոչարյան, Պաշտպանության նախարարության հայտարարություններում ավելի հաճախ է հաղորդվում ադրբեջանական ուժերի կողմից հրաձգությունը լռեցնելու մասին խոստումներ, իսկ նախարար Արշակ Կարապետյանը հայտարարում է, թե չի համակերպվելու պետական սահմանի խախտումների հետ, բանակը պատասխան գործողությունների է դիմելու։ Ի՞նչ է սա, նոր նախարարն ավելի մարտակա՞ն է տրամադրված, թե՞՝ Հայաստանն է ավելի կոշտացրել իր դիրքորշումն, իր արձագանքները, կարո՞ղ եք մեկնաբանել այս հարցը, պարոն Քոչարյան։

Անդրանիկ Քոչարյան․ - Ես կարող եմ ասել, որ նախարարը, իր պարտականություններից ելնելով, հստակ ձևակերպումներ է տալիս, որ կրակոցները կպատասխանվեն կրակոցով, դիրքային փոփոխությունները, որոնք կարող է առնչվեն Հայաստանի պետական սահմանին անպատասխան չեն մնա և, բնականաբար, բանակը պետք է մշտապես պատրաստ լինի այդ գործողություններով, պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացմամբ, ավելի էֆեկտիվ գործողություններ իրականացնելու։

Ավելին՝ azatutyun.am-ում

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել