Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսությունում մեկնարկել է G7 գագաթնաժողովը |1lurer.am|
13:31 - 11 հունիսի, 2021

Մեծ Բրիտանիայի Քորնուոլ դքսությունում մեկնարկել է G7 գագաթնաժողովը |1lurer.am|

1lurer.am: Գրեթե երկու տարվա դադարից հետո G7-ի գագաթնաժողովը վերադառնում է դեմ առ դեմ ձևաչափին: Այն տեղի կունենա հունիսի 11-13-ը Անգլիայի Քորնուոլ դքսությունում:

Գագաթնաժողովին, բացի «Մեծ յոթնյակի» երկրների ղեկավարներից, կմասնակցեն նաև Ավստրալիայի, Հնդկաստանի, Հարավային Աֆրիկայի և Հարավային Կորեայի պաշտոնյաներ: Քննարկման հիմնական թեմաները կլինեն կորոնավիրուսի համավարակի հետևանքները, գլոբալ առևտրային շղթաների պաշտպանությունը, բաց հասարակության մարտահրավերները և կլիմայի փոփոխությունը: Մասնակիցները պետք է հայտարարեն աղքատ երկրներին կորոնավիրուսի պատվաստանյութ տրամադրելու իրենց որոշման մասին, տեղեկացնում է riafan-ը:

Գագաթնաժողովը, սակայն, քաղաքական հանդիպումներից բացի ներառում է նաև այլ միջոցառումներ: Մասնակից երկրների ղեկավարները համատեղ կնկարվեն, կայցելեն թագուհի Էլիզաբեթ Երկրորդի դղյակ, կհանդիպեն արքայազն Չարլզի, Քեմբրիջի դքսերի և 10 միջազգային ընկերությունների ղեկավարների հետ: Լավ եղանակի դեպքում հունիսի 12-ին հյուրերին խորոված կմատուցվի լողափին:

6.5 հազար ոստիկան և մի քանի հարյուր զինվորական պատասխանատու կլինեն գագաթնաժողովի անվտանգության համար: Նրանք տեղավորվելու են հյուրանոցներում և զբոսանավում:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այս տարի առաջին անգամ կմասնակցի G7-ին: Նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ քննարկելու «Հյուսիսային հոսք-2» գազատարի շուրջ տարաձայնությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել