ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ` Ryanair-ի ինքնաթիռի շուրջ առկա միջադեպի ֆոնին |tert.am|
10:59 - 29 մայիսի, 2021

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ` Ryanair-ի ինքնաթիռի շուրջ առկա միջադեպի ֆոնին |tert.am|

tert.am: Բելառուսի նկատմամբ ԱՄՆ-ի իշխանությունների կողմից սահմանված պատժամիջոցների հետևանքով Վաշինգտոնը կկասեցնի Միացյալ Նահանգների և Բելառուսի միջև օդային երթևեկության մասին համաձայնագիրը։ ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ կսահմանեն Բելառուսի 9-ը պետական ձեռնարկությունների նկատմամբ և գործընկերների հետ նպատակային պատժամիջոցներ կմշակեն՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի իշխանության ներկայացուցիչների դեմ՝ Ryanair ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով:

Այս մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին, հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը։

«2021 թվականի հունիսի 3-ից Միացյալ Նահանգները պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի 9-ը պետական ձեռնարկությունների նկատմամբ, որոնք նախկինում Ֆինանսների նախարարության մի շարք ընդհանուր լիազորագրերով արտոնություններ էին ստացել», - ասել է Փսակին։

Պատժամիջոցների կիրառումից հետո ԱՄՆ-ի քաղաքացիներին կարգելվի այդ կազմակերպությունների հետ գործարքների գնալ։ Կդադարեցվի 2019 թվականին ԱՄՆ-ի և Բելառուսի միջև ստորագրված օդային երթևեկության մասին համաձայնագիրը:

Բացի վերոնշյալ պատժամիջոցներից, ամերիկյան ավիափոխադրողները նախազգուշացվել են՝ Բելառուսի օդային տարածքում զգուշություն ցուցաբերելու համար, իսկ քաղաքացիներին զգուշացվել է չմեկնել Բելառուս։

Փսակիի խոսքով` այս քայլերը նպատակ ունեն ցույց տալ ԱՄՆ-ի նվիրվածությունը բելառուս ժողովրդին և իշխանությանը պատասխանատվության ենթարկել իր գործողությունների համար։ Նա կոչ է արել Լուկաշենկոյին՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, հետաքննություն անցկացնել Ryanair ինքնաթիռի անհապաղ վայրէջքի հետ կապված միջադեպի շուրջ, երկխոսություն սկսել ընդդիմության և իշխանության միջև, ինչը կհանգեցնի ազատ և արդար նախագահական ընտրությունների անցկացմանը՝ ԵԱՀԿ հովանու ներքո։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել