Առաջին անգամ Սարդարապատի հուշահամալիրը փակ էր լրագրողների և քաղաքացիների համար
12:21 - 28 մայիսի, 2021

Առաջին անգամ Սարդարապատի հուշահամալիրը փակ էր լրագրողների և քաղաքացիների համար

Այսօր Հայաստանի առաջին հանրապետության 103 ամյակն է։ Ամեն տարի բարձրաստիճան պաշտոնատար անձինք հուշահամալիր այցելած հյուրերի հետ մասնակցում են Հանրապետության տոնին նվիրված տոնակատարությանը: Նրանք ծաղկեպսակ են դնում Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցում։ Այս օրերին Սարդարապատի հուշահամալիրը մշտապես բազմամարդ է եղել բացառությամբ անցյալ տարվա, որը պայմանավորված էր կորոնավիրուսի համավարակով։

Այսօր անհասկանալի պատճառներով Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի մուտքը փակ է լրագրողների և քաղաքացիների առջև։ Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ 08։00-11։00 տրանսպորտային միջոցների և քաղաքացիների համար մուտքը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածք փակ կլինի՝ արարողակարգային միջոցառումներով պայմանավորված։ 

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը մեր զրույցում մեկնաբանեց, որ միջոցառումը եղել է արարողակարգային և լուսաբանվել է բաց կապուղով։ Հարցին, որ նախորդ տարիներին երբևէ միջոցառումը փակ չի անցկացվել, ինչու՞ է այս անգամ փակ անցկացվում, Խաչատրյանն ասաց, որ որոշում է կայացվել միջոցառումը լուսաբանել միայն կառավարության կողմից՝ հանրային հեռուստատեսությամբ։ Նրա խոսքով եղել է արարողակարգային միջոցառում, որի լուսաբանումն ապահովվել է։

Հիշեցնենք, որ օրինակ 2019 թվականին հուշահամալիրը բազմամարդ էր։ Միջոցառման մասնակիցները նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի հետ միաժամանակ հուշահամալիրում էին։

2018 թվականին Առաջին հանրապետության օրվա տոնակատարությանը մասնակցում էին մի շարք քաղաքացիներ։ Վարչապետը արարողակարգից հետո քայլում և շփվում էր միջոցառման մասնակից քաղաքացիների հետ։ Ընդ որում հենց վարչապետն էր ֆեյսբուքյան գրառում արել, որ հույս ունի շատերին տեսնել Սարդարապատի հուշահամալիրում։

2017 թվականին Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում քաղաքացիները միջոցառմանը մասնակցել են Սերժ Սարգսյանի հետ զուգահեռաբար։

2016 թվականի հարգանքի տուրքի միջոցառման լուսանկարներում նույնպես երևում են միջոցառման մասնակից քաղաքացիներ։

2015 թվականին տոնակատարությունը նույնպես բազմամարդ էր։ Նախագահ Սարգսյանի հետ հուշահամալիրի տարածքում կային բազում քաղաքացիներ։

Այսպիսով կարող ենք փաստել, որ բացառությամբ 2020 թվականի սահմանափակման, որը պայմանավորված էր կորոնավիրուսով, ոչ մի տարի Առաջին հանրապետության օրվան նվիրված միջոցառումները հանրության և լրագրողների համար փակ չեն անցկացվել։ 

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել