ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու համար․Փաշինյան
11:35 - 27 մայիսի, 2021

ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու համար․Փաշինյան

Այսօր՝ Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ այսօր առավոտյան 6 հայ զինծառայողների գերեվարման փաստին․

«ՀՀ զինված ուժերի  6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ։ Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքները իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամաբ, այսինքն՝ դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ Այս գործողությունները իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Իհարկե հետագայում արդեն եղել է այն տեղեկատվությունը, որ մեր զինվորները գերեվարվել են։ Գերեվարման հանգամանքները դեռ իհարկե պետք է պարզվի, բայց մի բան հստակ է, որ դա, ըստ էության, գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում ՀՀ տարածքից»

Փաշինյանն ընդգծեց, որ այս հարցը չպետք է օգտագործվի ներքաղաքական նպատակներով։ «Սա կարևոր եմ համարում, ընդ որում՝ կարծում եմ, որ պետք է դատապարտել այս իրավիճակը բանակի և ԶՈՒ դեմ օգտագործելու բոլոր փորձերը, որովհետև զինծառայողները, զինվորները, բանակը կատարում են ՀՀ սահմանները պահպանելու, պաշտպանելու իրենց գործառույթը, նաև միանշանակ է, որ արդեն վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերը արձանագրում են, որ սա ամենևին սովորական իրադրություն չէ, ինչպես փորձ է արվում ներկայացնել մասնավորապես Ադրբեջանի իշխանությունների կողմից, սա ՀՀ տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը սպառնացող ուղղակի վտանգ է, որը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է, և սա այն պարագան է , երբ ՀՀ-ն պետք է օգտագործի բոլոր, այդ թվում՝ միջազգային լծակները իրադրությունը շտկելու և կարգավորելու, և մենք դրա համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկելու ենք»։

Նա նաև ասաց, որ անհրաժեշտ է է հստակ տեղեկատվություն տալ տեղի ունեցած դեպքի մանրամասների մասին, որպեսզի ադրբեջանական ապատեղեկատվությունը չտարածվի, այդ թվում՝ հայկական լրատվական տիրույթում։ «Ես կարծում եմ, որ մեր հանրությունը, այո, այսօր առավել ևս պետք է համախմբված լինի մեր բանակի, մեր Զինված ուժերի շուրջ, պետական ինստիտուտների շուրջ, որպեսզի մենք այս իրադրությունը հետևողական և հանգիստ հաղաթահարենք»։

Փաշինյանը հավելեց,, որ պետք էէ արձանագրել և կառավարել հակառակորդի երկու նպատակները։ «Նպատակներից մեկը իրադրությունը զարգացնել այնպես, որ իրենց ԶՈՒ ներկայությունը մեր տարածքում դիտվի որպես ինքնին ենթադրվող և սովորական բան, երկրորդ սցենարի մասին ես մի քանի անգամ խոսել եմ․ հրահրել ռազմական բախում՝  իրադրությունը վերահսկողությունից դուրս բերելու նպատակով։ Մենք այս երկու նպատակներից որևէ մեկին տուրք չպիտի տանք․առաջինը՝ հստակ է մեր պահանջը, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն անվերապահորեն պետք է դուրս գա ՀՀ տարածքից, և երկրորդը՝ մենք բոլոր իրավիճակներում լինելու ենք սթափ, շրջահայաց և սադրանքների կառավարումը պետք է իրականացնենք առավել շրջահայացորեն»։

Փաշինյանն ասաց, որ Զինված ուժերը պետք է շարունակի կատարել Հայաստանի սահմանների պահպանության և ամրության, տարածքային ամբողջականությունը պահպանելու իրենց գործառույթները։ «Ինչքան էլ մենք այսօր դժվար իրադրությունների միջով ենք անցնում, ներվային և չհավասարակշռված գործողությունները, հայտարարությունները, կեցվածքները այստեղ ամենևին տեղին չեն»։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել