Պահպանողական կուսակցության նախագահը խնդրանքով դիմել է 4 կուսակցության առաջնորդի
09:33 - 26 մայիսի, 2021

Պահպանողական կուսակցության նախագահը խնդրանքով դիմել է 4 կուսակցության առաջնորդի

«Ազատ Հայրենիք» դաշինքի Պահպանողական կուսակցության նախագահ Միքայէլ Հայրապետեանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Խնդրանքով դիմում եմ Հայաստանի ապագան քաղաքակրթական հարազատ հանգրվանում իրենց տեսլականը հռչակած իմ բարեկամներին՝ «Հանրապետության» առաջնորդ պարոն Արամ Սարգսյանին, ԱԺԲ-ի առաջնորդ պարոն Ժիրայր Սեֆիլյանին, «Հանուն Հանրապետության» առաջնորդ պարոն Արման Բաբաջանյանին, պայծառագույն նվիրյալ Շանթ Հարությունյանին: Սիրելի արյունակից եղբայրներ, պատմությունն ու մեր երկրի իրական դաշնակիցները մեզ չեն ների, որ վճռական պահին մեր միակ Հայրենիքի ճակատագիրը թողնենք ռուսական սայլից պոկվել չկարողացող, սակայն Հուդայի գիշերվա տերեր կարգվածների տնօրինմանը: Պարտավոր ենք ականջալուր լինել մեր հանրության պահանջին՝ ստեղծել ազգային և քաղաքակրթական միասնական ծանրության կենտրոն, որով միայն հնարավոր կլինի դիմագրավել օտարի բարեհաճությանն ապավինած ու հսկայական ռեսուրսների տիրապետող հինգերորդ շարասյանը:

Մնացել են հաշված ժամեր, երբ մենք կա՛մ մեզ ու աշխարհին կապացուցենք, որ Հայաստանի ժողովուրդն արժանի է, որ չկրի իր իշխանության և նրա հայելային անդրադարձ «ընդդիմության» վարքի պատասխանատվությունը, կա՛մ մեր Հայրենիքն իմպերիայի անհեռանկար ծայրագավառի ու դանդաղ վերացման դատապարտելու մեջ Երկնքի ու Երկրի առջև կկրենք մեղքի մեր մեծ բաժինը:

Խնդրում եմ՝ միասնաբար հանդես գալ, որպեսզի հնարավոր լինի կոտրել իրարից ոչնչով չտարբերվող ու իմպերիայի անվերապահ հովանավորությունը վայելող բազմադեմ ուժի անիծյալ շղթան: Այդ միասնությանն են սպասում թե՛ մեր ժողովուրդը, թե՛ մեր ռուսահաճ կառավարությանն ու «ընդդիմությանը» շրջանցելով հայ ժողովրդի հետ դաշնակցելու պատրաստակամություն հայտնած քաղաքակիրթ աշխարհը:

Այս պատեհությունը բաց թողնելու դեպքում Երկրի իրական սերուցքին վաղն ավելի դժվար, եթե ոչ անհնարին է լինելու շտկել պատուհասած ու պատուհասելիք աղետների հետևանքները:

Աստված թող խոհեմություն տա բոլորիս այս վճռական վայրկյանին:

Ամենաետին հայորդու խնդրանքով՝ Միքայէլ Հայրապետեան

«Ազատ Հայրենիք» դաշինքի Պահպանողական կուսակցության նախագահ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել