Իմ տեղեկություններով փաստաթղթում չկան Տավուշի գյուղերի վերաբերյալ կետեր․ Լիլիթ Մակունց
15:10 - 20 մայիսի, 2021

Իմ տեղեկություններով փաստաթղթում չկան Տավուշի գյուղերի վերաբերյալ կետեր․ Լիլիթ Մակունց

Վարչապետը այլ շեշտադրումներով է խոսել 100 տոկոսով ՀՀ շահերից բխող որևէ փաստաթղթից։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով  ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։

«Նա նշել է, որ այն պայմանները, որոնք եթե բավարարվեն, ապա այդ պայմաններով որևէ հարց դիտարկելը` տվյալ պարագայում իր նշած հարցը 100 տոկոսով կարող է բխել ՀՀ շահերից։ Այսինքն` այստեղ կարևոր է արձանագրել պայմանները, որոնց ընդունումը պարտադիր է»։

Մակունցն ասաց՝ իր տեղեկություններով ռուսական կողմը Հայաստանին առաջարկ է ներկայացրել ստեղծելու համատեղ եռակողմ հանձնաժողով, քննարկելու դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցեր։ «Իմ ունեցած տեղեկությամբ՝ հայկական կողմը արձագանքել է, որ ցանկացած հարց, աշխատանքային խումբ ստեղծելու հնարավորություն կամ դրա քննարկման հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի զինված ուժերը ամբողջությամբ լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը»։

Անդրադառնալով համացանցում շրջանառվող փաստաթղթին՝ Մակունցն առաջարկեց հետևել պաշտոնական աղբյուրներին․ «Ես կարծում եմ, որ դժվար չէ գուշակել, որ եթե այդ կետերը լինեին, դրանք չէին փակվի, այլ դրանք նույնպես կհրապարակվեին այդ աղբյուրների կողմից, ։ Ես գիտեմ առաջարկի մասին, առաջարկները կարող են հնչել բանավոր , կարող են հնչել գրավոր, եթե ընթանում են բանակցություններ, ապա դրանց մասին լիազորված է խոսել համապատասխան կառույցը»,- հավելեց Մակունցը։ 

Խոսելով ՀԱՊԿ արձագանքի մասին վերջինս նշեց, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չկա։ Մակունցի կարծիքով ԱԳ նախարարը առաջիկայում հնարավորության դեպքում կներկայացնի իրավիճակը։

«Ինչ վերաբերում է ռուսական կողմի միջնորդությանը ապա մենք նշել ենք, որ հարցը մեզ համար տարբեր դաշտերում է, այսինքն այն, որ ադրբեջանական ուժերը թափանցել են ՀՀ տարածք, այդ հարցը չենք դիտարկում սահմանազատման խնդիրների տրամաբանության մեջ, այսինքն այդ հարցերը տարբեր են»,- եզրափակեց Մակունցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել