Լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունները հիմնականում պահպանվել են․ Տիգրան Հակոբյան |1lurer.am|
20:26 - 19 մայիսի, 2021

Լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորությունները հիմնականում պահպանվել են․ Տիգրան Հակոբյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի 2020 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը: Հաշվի առնելով հաղորդման ծավալուն լինելու հանգամանքը՝ նա հակիրճ անդրադարձել է այն հիմնական թեզերին, որոնք հասարակության կողմից առավել շատ են քննարկվում և մտահոգության առիթ դառնում: Խոսելով մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին՝ զեկուցողը նշել է, որ 2018-ից իշխանության հռչակած ժողովրդավարության սկզբունքները՝ մամուլի ազատության ապահովում, լրատվամիջոցների գործունեությանը չմիջամտելու ստանձնած պարտավորություններ, հիմնականում պահպանվել են: Ըստ զեկուցողի՝ հաշվետու տարվա ընթացքում հանձնաժողովը լուրջ բողոքներ չի ստացել:

Փաստելով, որ ոլորտի վրա բացասական ազդեցության գործոնները բազմաթիվ են՝ Տիգրան Հակոբյանն ընդգծել է որոշ լրատվամիջոցների վրա տարբեր հիմնադիրների, փայատերերի, քաղաքական ուժերի, անհատների ազդեցությունն ու միջամտությունը: Ըստ հանձնաժողովի նախագահի՝ օրենսդրական բավականին ծավալուն աշխատանքներ պետք է իրականացվեն այդ առումով:

Տիգրան Հակոբյանը նշել է, որ հաշվետու տարում հանձնաժողովի գործունեությանը կամ որոշումների ընդունմանը որևէ միջամտություն, ուղղորդում կամ ուղղորդման փորձեր չեն եղել:

Նա տեղեկացրել է, որ 2019 և 2020 թվականներին զանգվածային լրատվամիջոցները հանձնաժողովի որոշումների դեմ ներկայացրել են 11 դատական հայց:

Զեկուցողը, կարևորելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունումը, նշել է, որ կիրարկելիության ընթացքում ի հայտ են եկել մի շարք խնդիրներ, և առկա է օրենսդրական որոշակի փոփոխության անհրաժեշտություն:

Տիգրան Հակոբյանը պատասխանել է նաև հանձնաժողովականների հարցերին, որոնք վերաբերում էին խոսքի ազատության՝ որոշ լրատվամիջոցների չարաշահումներին, խոսքի ազատության անհրաժեշտ սահմանափակմանը միտված քայլերին, ուղիղ եթերը կանոնակարգելուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել