ՀԱՄԱՍ-ը նամակ է ուղարկել այաթոլլահ Խամենեին |tert.am|
10:52 - 19 մայիսի, 2021

ՀԱՄԱՍ-ը նամակ է ուղարկել այաթոլլահ Խամենեին |tert.am|

tert.am: ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի նախագահ Իսմայիլ Հանիեն նամակ է ուղարկել Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին՝ նրան հայտնելով Պաղեստինում իսրայելական կողմի իրականացրած ոճրագործությունների մասին, հայտնում է իրանական Tehran Times թերթը։

Հանիեն նկարագրել է իսրայելցիների բռնությունները Երուսաղեմում, Շեյխ Ժառռա թաղամասում, Ալ Աքսա մզկիթի մերձակայքում և Գազայում և նշել, որ իսրայելական բռնությունների ֆոնին լայն կապեր են հաստատել տարբեր կուսակցությունների հետ և խնդրել կանխել Իսրայելի հանցագործությունների և աղետաբեր նպատակների առաջխաղացումը: Նա նաև նախազգուշացրել է, որ այդ հանցագործություններն անպատասխան չեն մնա Պաղեստինի ժողովրդի և Դիմադրության կողմից:

Հանիեն նշել է, որ իսրայելական կողմը Գազայի ժողովրդի նկատմամբ ամենաբարբարոսական հանցագործություններն է իրականացնում։

«Մենք կոչ ենք անում անհապաղ քայլեր ձեռնարկել և մոբիլիզացնել իսլամական, արաբական և միջազգային դիրքորոշումները՝ սիոնիստ թշնամուն ստիպելու դադարեցնել Գազայի պաշարված ժողովրդի նկատմամբ իրականացվող հանցագործությունները, Երուսաղեմի և դրա բնակչության, ինչպես նաև Ալ Աքսա մզկիթի և ներսում գտնվող պաղեստինցի հավատացյալների նկատմամբ ագրեսիան»,- գրված է Հանիեի նամակում։

Սա վերջին տասն օրվա ընթացքում Հանիեի երկրորդ նամակն է՝ ուղղված Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդին։

Նա հեռախոսազրույց է ունեցել նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ, տեղեկացրել առկա իրավիճակի մասին և Իրանի աջակցությունը խնդրել։ Ի պատասխան, Զարիֆը հայտնել է Իրանի աջակցությունը և տեղեկացրել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ իր խորհրդակցությունների մասին:

«Իսլամական համագործակցության կազմակերպության» առցանց համաժողովի ընթացքում Զարիֆն ասել է, որ Գազայում անմեղ մարդիկ են տուժում և ոչնչացվում են բնակելի տարածքներն ու ենթակառուցվածքները՝ առաջ բերելով մարդու իրավունքների, հումանիտար և միջազգային իրավունքի բացահայտ և համակարգված խախտումներ։ Նա նշել է, որ Իսրայելը միայն հարկադրանքի լեզուն է հասկանում։

«Պետք չէ մոռանալ, որ Պաղեստինը ոչ միայն արաբական կամ իսլամական խնդիր է, այլև միջազգային երկընտրանք: Միջազգային հանրությունը պարտավոր է խստագույնս դատապարտել իսրայելական ռեժիմին և ստիպել նրան դադարեցնել Գազայի ավերումն ու պաշարումը», - շեշտել է Զարիֆը։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը անցել է 220-ը, որոնցից 63-ը երեխա և ավելի քան 34-ը կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 12-ն է, այդ թվում՝ 2 երեխա։ Վիրավորների թիվը առնվազն 300 է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել