Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը |armenpress.am|
14:22 - 14 մայիսի, 2021

Բուժական գործ, իրավագիտություն, ֆինանսներ. ԳԹԿ-ն ամփոփել է ընդունելության հայտագրման առաջին փուլը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնը բուհերի ընդունելության հայտագրման առաջին փուլն ավարտել է և պատրաստվում է քննությունների:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանընշեց, որ հայտագրման ընթացքում՝ ապրիլի 15-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում, որևէ խնդիր չի եղել: 24-ժամյա ռեժիմով դիմորդները կարողացել են առցանց հայտագրվել:

«Որևէ դժգոհություն չի եղել, մեկ, երկու հոգի են եղել, որ չեն հասցրել, նրանց ուղղորդել ենք երկրորդ փուլ: Ի՞նչ է իրենից ենթադրում հայտագրման առաջին փուլը. մենք ներառել ենք բուհի, մասնագիտության ընտրությունը և այդ մասնագիտության համար պահանջվող քննությունների հայտագրումը, ինչպես նաև քննությունների հանձնումը: Միայն նախորդ տարի ընդունելության քննությունները կազմակերպվեցին մեկ փուլով, այս տարի լինելու է երկու փուլով: Ե՛վ առաջին փուլը, և՛ երկրորդ փուլը հավասարազոր ընթացակարգեր են պարունակում: Երկրորդ փուլը մենք նախատեսում ենք բանակից զորացրվածների, Սփյուռքից եկած մեր հայրենակիցների, ինչպես նաև այն դիմորդների համար, որոնք այս կամ այն պատճառով չեն կարողացել հայտագրվել առաջին փուլի ընթացքում»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդծելով, որ երկրորդ փուլն անցկացվելու է հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին և երկրորդ փուլից հետո նոր անցկացվում է մրցույթ:

Ամփոփելով առաջին փուլի արդյունքները՝ նա նշեց, որ միասնական քննություններ հանձնողների թիվն այս տարի Հայաստանում 10 հազար 957 է, Արցախում՝ 529-ը՝ ընդհանուր թիվը կազմելով 11 հազար 486: Ներբուհական քննություն հանձնողների թիվը 1 899 է: Ներբուհական քննություններ հանձնում են արվեստի, սպորտի բնագավառի բուհերի դիմորդները: Բանավոր քննություններ հանձնողների թիվը, ներառյալ ստեղծագործական աշխատանքը, 854 է:

Դիմորդների շրջանում ավելի շատ ընտրած առարկաներից, առաջին տեղով, «Մաթեմատիկան» է, օտար լեզուներից պահանջված է «Անգլերենը», այնուհետև «Հայոց լեզու և հայ գրականությունը»:

«Այս տարի նախորդ տարիների նման չէ: Երեք քննություններից միասնական հանձնում ենք երկուսը, և դիմորդներին տրված էր հնարավորություն ընտրելու օտար լեզուն կամ հայերենը: Դիմորդների զգալի մասը ընտրել է օտար լեզուն: Վերլուծությունը ցույց է տալիս, որ տարիների շարունակ դիմորդներն ավելի բարձր գնահատական են ստանում «Օտար լեզվից», քան «Հայոց լեզվից»,- ասաց Կարո Նասիբյանն՝ ընդգծելով, որ շուտով այդ բացը կլրացվի, որովհետև փոփոխություններ են նախատեսված, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» քննությունը դառնա պարտադիր:

Դիմորդների շրջանում նախընտրելի մասնագիտությունների կառուցվածքում առանձնապես փոփոխություններ չեն եղել: Ամենից շատ դիմորդները դիմել են Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» մասնագիտության համար, երկրորդ տեղում ԵՊՀ-ի ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկա ուղղությունն է, որին հաջորդում է ԵՊՀ-ի «Իրավագիտությունը», ՀՊՏՀ-ի ֆինանսները, Բրյուսովի անվան պետական համալսարանի ծառայությունների բաժինը: Վերջինս, ըստ Կարո Նասիբյանի, նորություն էր:

Դիմորդների շրջանում պահանջված բուհերից են ԵՊՀ-ն, ՀՊՏՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը, Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել