Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է Զարիֆի խոսքը Սոլեյմանիի և Ռուսաստանի վերաբերյալ |1lurer.am|
12:18 - 03 մայիսի, 2021

Իրանի հոգևոր առաջնորդը դատապարտել է Զարիֆի խոսքը Սոլեյմանիի և Ռուսաստանի վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին դատապարտել է Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի խոսքը Ռուսաստանի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցությունների, ինչպես նաև դրանցում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Քասեմ Սոլեյմանիի դերի մասին, հաղորդում է РИА Новости-ն:

Խամենեին ասել է, որ «որոշ պաշտոնյաների» կողմից արված հայտարարությունները ԻՀՊԿ-ի և Սոլեյմանիի մասին «ապշեցնում են և մտահոգում»: «Մենք չպետք է խոսենք այնպես, կարծես չենք ընդունում երկրի քաղաքականությունը»,- եզրափակել է հոգևոր առաջնորդը:

Ապրիլի 25-ին իրանական լրատվամիջոցները հրապարակեցին Իրանի արտգործնախարարի հետ հարցազրույցից հատվածներ, որում Զարիֆը պնդում է, որ Մոսկվայի համար շահավետ չէ Արևմուտքի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը, ուստի աշխատում է սաբոտաժի ենթարկել Իրանի միջուկային ծրագրի գործարքը: Նա նաև նշել է, որ ձախողման համար Մոսկվան համագործակցում էր իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի հետ:

Մեկ այլ տեղեկությամբ, Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆը ներողություն է խնդրել  մեկնաբանությունների համար, որոնք  հրապարակման համար նախատեսված չեն եղել: Նա հույս է հայտնել, որ Իրանի ժողովուրդը և գեներալի ընտանիքը կներեն իրեն:

Այժմ Թեհրանը Վիեննայում Եվրոպայի միջնորդությամբ անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ՝ միջուկային գործարքը վերականգնելու ուղղությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել