ԱԺ արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է |armtimes.com|
11:24 - 28 ապրիլի, 2021

ԱԺ արտահերթ նիստի օրակարգում երկու հարց է |armtimes.com|

armtimes.com: Այսօր «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորների նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Օրակարգում երկու հարց է՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը նախագծերը ներկայացնելիս նշեց, որ առաջարկվում է նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերացմամբ դրա ընդունումից հետո 24 ժամվա ընթացքում, նախագծերի վերաբերյալ գրավոր առաջարկները, գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Նշենք, որ Քրեական օրենսգրքում փոփոխությամբ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել բոլոր այն դեպքերի համար, երբ ընտրական գործընթացի խոչընդոտման արդյունքում տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր են ճանաչվում: Նախագծով առաջարկվում է նախընտրական քարոզչության խոչընդոտման, տեղամասային կենտրոնում կամ տեղամասի մուտքի մոտ բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի համար ևս նախատեսել քրեական պատասխանատվություն:

Առաջարկվում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար ևս սահմանել քրեական պատասխանատվություն, երբ այդ գործողությունը կատարվել է շահադիտական նպատակներով, մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով առաջարկվում է վարչական տույժ նախատեսել քվեարկության նախորդ օրը և բուն քվեարկության օրը քարոզչություն կատարելու, քարոզչություն կատարելու իրավունք չունեցող անձի կողմից քարոզչություն կատարելու դեպքերի համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել