Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը «անհանգստացնող» առաջընթաց է գրանցել բալիստիկ հրթիռների ու անօդաչուների մշակման գործում |tert.am|
11:43 - 23 ապրիլի, 2021

Պենտագոնը հայտարարել է, որ Իրանը «անհանգստացնող» առաջընթաց է գրանցել բալիստիկ հրթիռների ու անօդաչուների մշակման գործում |tert.am|

tert.am: Իրանի իշխանությունները վերջին 5-7 տարվա ընթացքում զգալի առաջընթաց են գրանցել բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման գործում, ինչը մտահոգության տեղիք է տալիս: Այս մասին հինգշաբթի Պենտագոնում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քեննեթ Մաքքենզին, որի օպերատիվ պատասխանատվության ոլորտն ընդգրկում է առաջին հերթին Մերձավոր Արևելքը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես կսկսեմ բալիստիկ հրթիռներից, որովհետև հենց դրանցում եմ ես տեսնում ամենամեծ իրանական սպառնալիքը: Այս (հրթիռային) սպառնալիքը ինձ ամենից շատ է անհանգստացնում: Վերջին 5-7 տարվա ընթացքում Իրանը իր բալիստիկ հրթիռների մեջ կատարել է էական, որակական բարելավումներ: Դրանց թիվը նաև աճել է: Այժմ թվերը կախված են նրանից, թե ինչպես եք որոշելու հաշվել զենքը, բայց դա մի փոքր պակաս է 3 000 տարբեր հեռահարության (հրթիռներից): Այնուամենայնիվ, դրանց ճշգրտությունը շատ ավելի բարձր է դարձել, քան նախկինում, ինչը ինձ շատ է անհանգստացնում» - ընդգծել է գեներալը:

Թեհրանը, շարունակել է նա, «սկսել է մեծ ներդրումներ կատարել ցամաքային հարվածային թևավոր հրթիռների և իր անօդաչու թռչող սարքերի ծրագրում»: «Նրանց անօդաչու թռչող սարքերի մշակման ծրագիրը նույնպես զգալի առաջընթաց է գրանցել: Դրանք բոլորը համեմատաբար նոր մշակումներ են: Ես խոսում եմ վերջին 5 տարվա կամ դրան մոտ ժամանակահատվածի մասին: Երբեմն մեզանից, մեր վերլուծաբաններից, որոշ ժամանակ է պահանջվում այս մասին տեղեկանալու մասին: Սա ինձ շատ է անհանգստացնում»,-նշել է գեներալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել