ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագծին
12:44 - 09 ապրիլի, 2019

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց թրաֆիքինգի ենթարկված երեխաներին միանվագ գումար հատկացնելու մասին նախագծին

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սայանը նախ նշեց, որ նախագիծը նպատակաուղղված է ՀՀ կառավարության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների և հանձնարարականների կատարմանը, մասնավորապես, ոլորտում երեխայի իրավունքների պաշտպանության մեխանիզմների բարելավմանը և գործող համակարգի արդյունավետության բարձրացմանը:

Նախագծով առաջարկված փոփոխություններն ու լրացումներն առնչվում են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի բնագավառում նոր մեխանիզմների ներդրման, պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջև հարաբերությունների կարգավորման, առկա կառուցակարգերի ամրապնդման հարցերին:

Սմբատ Սայանի խոսքով՝ նշված օրենքում այսօր բացակայում են երեխաներին  ուղղորդելու գործընթացը, իսկ այդ ուղղորդումն այն գործընթացն է, որի  արդյունքում ապահովվում է սոցիալական աջակցություն թրաֆիքինգի ենթարկված անձի և այդ աջակցությունը տրամադրող կազմակերպության միջև։ Այդ համապատասխան ընթացակարգերի բացակայությունը որոշակի խնդիր էր առաջացնում, և նախաձեռնությամբ կարգավորում ենք խնդիրը։

Փոխնախարարն ասաց նաև, որ պետական բյուջեով կա ծրագիր, որի շրջանակում թրաֆիքինգի ենթարկված անձանց, որպես սոցիալական աջակցություն, նախատեսված է գումարային հատուցում, սակայն դա երեխաների համար նախատեսված չէ, ինչն իրավակիրառ պրակտիկայում խնդիրներ էր առաջացնում:  

Ըստ նախագծի՝ հատուկ կատեգորիայի երեխա-զոհին ևս համապատասխան կետով սահմանվում է միանվագ դրամական փոխհատուցում՝  250 000 դրամ։ Միանվագ դրամական փոխհատուցումը տրամադրվում է օրինական ներկայացուցչին նպատակային՝ հատուկ կատեգորիայի զոհի առաջնային կարիքները հոգալու համար:
Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա- զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։

Նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել