Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից առաջ լրամշակվում է |armenpress.am|
16:16 - 08 ապրիլի, 2021

Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից առաջ լրամշակվում է |armenpress.am|

armenpress.am: Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը ներկայում գտնվում է ակտիվ ներքին լրամշակման փուլում, առաջիկա շաբաթների ընթացքում այն կդրվի հանրային քննարկման:

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

«Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը կամ կրթության ռազմավարությունը նախնական տարբերակով Կառավարություն էր ներկայացվել դեռ անցյալ տարվա օգոստոսին ու մտել ակտիվ քննարկումների փուլ: Ակնհայտ է, որ պատերազմական և հետպատերազմական իրողությունները որոշակի նոր շեշտադրումների կարիք են առաջացնում: Ծրագիրն այժմ ակտիվ ներքին լրամշակման փուլում է: Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն կդառնա քննարկման առարկա»,- նշեց Կարաբեկյանը:

Անդրադառնալով «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նշեց, որ այն ընդամենը սահմանում է ոլորտի իրավահարաբերությունները:

«Օրենքի խնդիրը մի քիչ այլ է, այն չի քննարկում այն կարգի հարցեր, որոնք քննարկում է ռազմավարությունը, այն սահմանում է ոլորտի շահառուների, սուբյեկտների իրավունքներն ու պարտավորությունները», - ասաց Կարաբեկյանը:

Սամվել Կարաբեկյանի պնդմամբ՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի» նախագիծն ամենաքննարկվածներից է, ինչը լավ է:

«Մեր նախարարությունը ընդհանրապես ակտիվ է հանրային քննարկումների առումով, որովհետև եթե նայեք վիճակագրությունը e-draft հանրային քննարկումների հարթակի, ապա արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերի առումով՝ ամենաակտիվը ԿԳՄՍ նախարարությունն է»,- ասաց նախարարի խորհրդականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել