19 բանախոսներից միայն 3-ի ելույթներն են համապատախանել Նաիրա Զոհրաբյանի նշած օրակարգի թեմաներին
08:06 - 09 ապրիլի, 2019

19 բանախոսներից միայն 3-ի ելույթներն են համապատախանել Նաիրա Զոհրաբյանի նշած օրակարգի թեմաներին

Ապրիլի 5-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ միջադեպ, որը քննարկումների առիթ դարձավ։ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցավ մի տրանսգենդեր կին։ Ելույթից հետո, սակայն, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը բարկացավ և արդյունքում դուրս հրավիրեց ելույթ ունեցողին.

«Ես պետք է օգտվեմ նախագահողի իմ իրավունքից և նշեմ, որ մենք ունեինք այսօր երեք թեմա քննարկելու՝ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ։ Եվ օգտվել առիթից, այս ամբիոնից բարձրացնել հարց, որն այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ՝ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի հանդեպ»,-ասաց Զոհրաբյանը՝ ավելացնելով՝ «Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք այսօր ունենք հստակ օրակարգ և Դուք խախտել եք մեր օրակարգը»։

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ տարբեր լրատվականներին տված հարցազրույցների, իր վրդովվելը ոչ թե խտրական վերաբերմունք էր, այլ պայմանավորված էր նրանով, որ ելույթն օրակարգից դուրս է։ Հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել, փորձենք անդրադառնալ հանրային լսումների կազմակերպման մանրամասներին։

Ապրիլի 5-ին օրակարգից դուրս մի քանի ելույթներ են եղել։

Ապրիլի 5-ին ԱԺ նիստերի դահլիճում հրավիրված խորհրդարանական լսումների թեման հետևյալն էր՝ «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկումեր»: Չնայած նիստի նախագահող Նաիրա Զոհրաբյանը նիստը սկսելուց առաջ հայտարարեց, որ թեմայի ծավալուն լինելու պատճառով նիստի օրակարգում ներառվել են 3 հիմնական թեմա` դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ, սակայն բանախոսներից շատերը շեղվեցին այդ օրակարգից և անդրադարձան մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներին ընդհանրապես՝ խտրականություն, կանանց իրավունքներ, փոքրամասնությունների իրավունքներ և այլն։

ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը, օրինակ, անդրադարձավ մարդու իրավունքների դրությանը հետհեղափոխական շրջանում, խոսեց աշխատանքային իրավունքից, ավտոներկրողների իրավունքներից և ՊԵԿ-ին ուղարկված մի դիմումից։

Լսումների վերջին՝ ելույթներ հատվածում, խոսեցին 19 բանախոսներ, որոնցից միայն երեքի ելույթներն էին համապատախանում Նաիրա Զոհրաբյանի նշած օրակարգի թեմաներին։

Ստացվում է՝ տրանսգենդեր կնոջ ելույթն օրակարգից դուրս միակ ելույթը չէր, բայց միակն էր, որ կոշտ արձագանք ստացավ Նաիրա Զոհրաբյանի կողմից։

Նախնական օրակարգում թեմաների սահմանափակում չի եղել։

Խորհրդարանական այս լսումներից հետո, Ազատություն ռադիոկայանի հետ հեռախոսային հարցազրույցի ժամանակ Զոհրաբյանը նշել էր, որ նիստի օրակարգը մոտ 20 օր տեղադրված է եղել կայքում՝ հստակ օրակարգով․ դատաիրավական բարեփոխումներ, հաշմանդամների խնդիրներ և երեխաների խնդիրներ։

Սակայն, պարզվում է, ԱԺ կայքում օրեր շարունակ տեղադրված է եղել առանց հստակ օրակարգի հայտարարություն՝ հետևյալ տեքստով (տարածվել է նաև մամուլում)․ «Ս/թ ապրիլի 5-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ինչպես նաև ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ, ԱԺ նիստերի դահլիճում հրավիրվում են խորհրդարանական լսումներ` «Մարդու իրավունքների ազգային օրակարգ. ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկում» թեմայով» (շարունակությունը հղմամբ)։

Հստակ օրակարգ սահմանվել է նիստից ընդամենը մի քանի օր առաջ, որի մասին, ըստ բանախոսներից մի քանիսի, իրենց չի տեղեկացվել։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լեևոն Բարսեղյանը, որ ևս բանախոսների թվում է եղել, ֆեյսբուքի իր էջում գրել էր․ «Մեզ ուղարկված նախնական օրակարգում, ինչպես կտեսնեք, թեմատիկ կոնկրետություն չկար: Իսկ դահլիճում արդեն տպագիր մեզ բաժանված օրակարգով հանրային լսման ժամանակը կրճատված էր եւ թեմաների էին բաշխված զեկուցումները: Սակայն բազմաթիվ ելույթներ ոչ թե թեմատիկ էին, այլ հենց ՄԻ թեմաներով ու ՀՊԴ մասին: Պատճառը, հավանաբար հենց մեզ 10 օր առաջ ուղարկված նախնական օրակարգում թեմաների բացակայությունն էր: Ես, օրինակ, որոշել էի գործիքի մասին խոսել, թեմատիկ բան չէի նախապատրաստել, իշխանություններին շտապեցնելու էի կատարել իրենց պարտավորությունը, որքան էլ դրանք նախորդների ծանր ժառանգությունն էին»։

Այս մասին երեկ՝ ապրլի 8-ին, ԱԺ նիստում խոսեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ նշելով․ «Տիկին Զոհրաբյանը ստում է, թե մեր հանձնաժողովը հստակ թեմաներ է հաստատել լսումների օրակարգի համար։ Մարտի 11-ի հանձնաժողովի նիստին հաստատվել է մի օրակարգ, որտեղ թեմաներ, իհարկե, չկան։ Հաստատված առանց հստակ թեմաների օրակարգը տեղադրվել է ԱԺ կայքում։ Լսումներից օրեր առաջ օրակարգը ԱԺ կայքից անհետացավ։ Լսումներից տառացիորեն երկու օր առաջ հանձնաժողովի անդամներին ուղարկվեց նոր օրակարգ, որտեղ հայտնվել էին թեմաներ առանց հանձնաժողովի անդամների հաստատման։ Կայքը չթարմացվեց նոր՝ թեմատիկ օրակարգով»։

Կարապետյանը շեշտեց նաև, որ ինքը հանձնաժողովի քարտուղարությանը հորդորել է գրանցված ՀԿ-ներին ուղարկել փոխված թեմատիկ օրակարգը, սակայն դա չի արվել։ «Տիկին Զոհրաբյանը ստում է, թե ՀԿ-ներին հորդորվել է գրանցվել միայն այն պարագայում, եթե նրանք օրակարգի թեմաներին առնչվող ելույթներ պիտի ունենան։ ՀԿ-ների ներկայացուցիչները առաջին անգամ օրակարգը տեսել են Ազգային ժողովի նիստերի դահլիճում»,-ասաց Մարիա Կարապետյանը։

ՀԿ-ների գրանցմամբ զբաղվել է ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի քարտուղարությունը։

ԱԺ-ում ապրիլի 5-ին տեղի ունեցած լսումներից հետո Նաիրա Զոհրաբյանը պնդել էր, որ տրանսգենդեր կնոջ ելույթը նախապես ծրագրված էր, և ինքը գիտի, թե ով է այն ծրագրել։ «Մենք չէինք քննարկում փոքրամասնությունների, տրանսգենդերների կամ որևէ այլ հարց։ Եվ երեխաների, հաշմանդամ անձանց, դատաիրավական բարեփոխումների օրակարգը փորձել տրանսֆորմացնել, իմ վստահ համոզմամբ, կազմակերպված ձևով, որին նախապես վստահաբար տեղյակ էր առնվազն մեկ պատգամավոր, ով ակտիվորեն զբաղվում է այդ խնդրով, որը իր իրավունքն է, իր բացարձակ իրավունքն է, և փորձել էպոտաժ անել խորհրդարանում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք խորհրդարանի և այն լսարանի հանդեպ, ովքեր եկել էին կոնկրետ օրակարգի վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու»,-ասել էր Զոհրաբյանը։

Այնուհետև մամուլում լուրեր տարածվեցին, որ պատգամավորը, ում ակնարկում է Նաիրա Զոհրաբյանը, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն է։

Կարապետյանը անմիջապես արձագանքել էր այս տեսակետին՝ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարելով․ «Առաջնորդվելով մարդկանց իրազեկված լինելու իրավունքով՝ տարածել եմ Ազգային ժողովի կայքում տեղադրված լսումների վերաբերյալ հայտարարությունը և օրակարգը, որը չէր պարունակում մանրամասներ լսումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակի վերաբերյալ: Այս հայտարարությունը տարածել եմ նաև իրավապաշտան գործունեությամբ զբաղվող ինձ ծանոթ և անծանոթ հասարակական կազմակերպությունների շրջանակում, ինչով էլ ավարտվել է իմ «առաքելությունը» այս գործում։ Կազմակերպությունների գրանցման, նրանց մուտքն ԱԺ ապահովելու և օրակարգի (ինչը նաև ընթացքում փոխվել է առանց հանձնաժողովի անդամների հետ քննարկման) վերաբերյալ իրազեկման «մենաշնորհն» իր վրա էր վերցրել մեր մշտական հանձնաժողովի քարտուղարությունը, որը հրավիրյալ կազմակերպությունների ցանկն անգամ ինձ է փոխանցել գրանցման վերջնաժամկետի ավարտից հետո»:

ԱԺ-ում իր ելույթում ևս Կարապետյանը շեշտել էր այդ միտքը․ «Տիկին Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովի քարտուղարությունը գրանցված ՀԿ-ների ցուցակը հրաժարվել է տալ ինձ մինչև գրանցման վերջնաժամկետը չավարտվի»։

Իմ քայլը խմբակցության պատգամավորը ներկայացրել էր նաև խորհրդարանական լսումների կապակցությամբ Ազգային Ժողով բոլոր անձանց մուտք գործելու մասին Նաիրա Զոհրաբյանի դիմումը, որտեղ մասնավորապես ասված էր․ «Խնդրում եմ լսումների մասնակիցներին թուլատրել մուտք գործել Ազգային ժողովի վարչական տարածք» և կից ներկայացված էր մասնակիցների ցանկը, որտեղ շուրջ 47 ՀԿ-ների անուններ էին նշված։
Կարապետյանը շեշտել էր նաև, որ ինքը Խորհրդարանական լսումների կապակցությամբ ԱԺ մուտք գործելու համար գեթ մեկ անցագիր չի գրել։

Լիագումար նիստում օրակարգից դուրս մի քանի հարցեր քննարկվել են․ ինչու՞ Նաիրա Զոհրաբյանը միայն տրանսգենդեր կնոջ ելույթին արձագանքեց, ինչպես կմեկնաբանի այն, որ նախնական օրակարգում թեմաների սահմանափակում չի եղել, արդյո՞ք ելույթից առաջ տիկին Զոհրաբյանը նախապես ունեցել է ելույթ ունեցողի անուն-ազգանունն ու ելույթի թեման և արդյո՞ք չէր կարող օրակարգից դուրս գտնվող թեմաներն ուղղակի հանել։ Ովքե՞ր են նախապես գրանցել այն ՀԿ-ներին, ովքեր պետք է ելույթ ունենային նիստի ընթացքում։ Այս հարցերի պատասխանը փորձեցինք ստանալ նաև Նաիրա Զոհրաբյանից, սակայն նա ասաց, որ հարմար չէ պատասխանելը, քանի որ Ստրասբուրգում է՝ աշխատանքային շատ խիտ գրաֆիկով։

Մարգարիտա Ղազարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել