shantnews.am։ Հայաստանում մոտավոր հաշվարկով՝ ամեն տարի իրացվում է մոտ 825 տոննա պոլիէթիլենային տոպրակ, որոնք պատրաստվում են քիմիական նյութերից, որոշ դեպքերում էլ՝ աղբից ու արտադրական թափոններից: Իսկ շրջակա միջավայրին ու մարդկանց առողջությանը հասցվող վնասներն անհամեմատելի են: Եվրոպական մի քանի երկրներ արդեն հրաժարվել են պոլիէթիլենայինից և անցում են կատարել էկոլոգիապես մաքուր ու անվնաս թղթե տոպրակների օգտագործմանը:
Իսկ Հայաստանը քննարկում է 2021 թվականից աստիճանաբար անցումը թղթե տոպրակներին: Մինչ այդ, դրանց պատրաստմամբ ու փոքր նախաձեռնություներով են սկսել հանդես գալ երիտասարդները: Օրինակն արդեն կա Գյումրիում: Ներկայացրած բնապահպանական գաղափարը հավանության է արժանացել: Իսկ ֆինանսավորումը ՅՈՒՆԻՍԵՖ-ինն է և Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնինը:
Թղթե տոպրակներ Հայաստանում օգտագործում էին, բայց 90-ականներն էին, երբ դրանք փոխարինվեցին պոլիէթիլենայիններով, որոնք հիմնականում սև գույնի էին ու տհաճ հոտով: Թեև հիմա դրանք գունավոր են, անհոտ, բայց ամեն դեպքում, թե ինչից են պատրաստվում՝ սա է վտանգավորը:
Պոլիէթիլենային տոպրակներից շատ երկրներ են սկսել հրաժարվել: Իսկ մեզ մոտ վերադարձը թղթե տոպրակների դեռ փոքր ու մասնակի նախաձեռնություններով է: Գյումրեցի մի խումբ պատանիներ հանդես են եկել նման մի մտահղացմամբ՝ թղթե տոպրակներ են պատրաստում:
«Էկոլոգիապես մաքուր տոպրակներ առաջարկել ենք պատրաստել, որպեսզի սնունդը մարդկանց հասնի էկոլոգիապես մաքուր վիճակում»,- ասում է գաղափարի հեղինակ Սուրեն Սիմոնյանը։
Մինչև ծրագրի մեկնարկը, պատանիները հարցումներ են կատարել գյումրեցիների շրջանում ու հիմնականում ծայրամասային թաղամասերում, որտեղ բաց տարածքներում այլ թաղամասերից բերվող աղբն է կուտակվում:
«Մենք հարցում ենք կատարել Մուշ 2 և Անի թաղամասերի բնակիչների շրջանում՝ նրանց իրազեկվածության աստիճանը պարզելու համար։ Մարդկանց 90 տոկոսը կողմ է, որ պոլիէթիլենը վերանա»,- նշում է Լիանա Հովակիմյանը:
Բնապահպանական այս գաղափարը մասնակցել է Գյումրիի Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի Հայաստան դեռահասների զարգացման ծրագրի մրցույթին: Շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված այս նախաձեռնության մեկնարկի համար օգնել է ոչ շատ մեծ դրամաշնորհը:
Շարունակությունը՝ shantnews.am
comment.count (0)