Կարագի գինը 2020 թ. միջինում ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին. ՏՄՊՊՀ
11:22 - 17 փետրվարի, 2021

Կարագի գինը 2020 թ. միջինում ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին. ՏՄՊՊՀ

Չնայած գնային բարձրացումներին՝ 2020-ին միջինում կարագի գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին՝ տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:

«Հանձնաժողովը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բարձր կենտրոնացվածության աստիճան ունեցող և սպառողական լայն նշանակության ապրանքային շուկաները, որոնց թվին է դասվում նաև կարագը։ Մշտադիտարկումների արդյունքում կարագի իրացման գների փոփոխություններ են արձանագրվել 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսների ընթացքում, որոնց վերաբերյալ տարածվել են մամուլի հաղորդագրություններ:

Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է փաստել, որ 2020 թվականի ընթացքում կարագի իրացման գնի վրա էական ազդեցություն են ունեցել հետևյալ գործոնները՝

2020 թվականի սկզբից տեղի է ունեցել ԱՄՆ դոլարի փոխարժեքի բարձրացում ՀՀ դրամի նկատմամբ, իսկ կարագի գերակշիռ մասը ՀՀ է ներկրվում 3-րդ երկրներից.

2020 թվականի վերջից (սեպտեմբեր ամսից) բարձրացել են միջազգային ապրանքային շուկաներում կարագի իրացման գները.

ԵԱՏՄ կարգավորումների արդյունքում 2018 թվականից կարագի ներմուծման մաքսատուրքը 11%-ից բարձրացել է՝ 2021 թվականի հունվարի 1-ից կազմելով 15%:

Այնուհանդերձ, հարկ է նշել, որ չնայած արձանագրված գնային բարձրացումներին՝ 2020 թվականի ընթացքում միջինում կարագի իրացման գինն ավելի ցածր է եղել, քան նախորդող տարիներին (2018, 2019 թվականներ)։

Համաձայն Հանձնաժողովի ուսումնասիրությունների՝ կարագի ինքնարժեքը հիմնականում բաղկացած է ձեռքբերման արժեքից, բեռնափոխադրման հետ կապված ծախսերից, մաքսատուրքերից և այլ ծախսերից։ Ընդ որում՝ կարագի ձեռքբերման արժեքը ինքնարժեքում կազմում է շուրջ 86-88%, բեռնափոխադրման ծախսերը` 1-2%, մաքսատուրքերը (3-րդ երկրներից ներմուծման պարագայում)՝ 11-15% և այլ ծախսերը՝ 0,5-1%»,- տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել