Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով |armtimes.com|
11:55 - 23 հունվարի, 2021

Հայաստանում այս տարվա հոկտեմբերին մարդահամար է անցկացվելու․ այն հետաձգվել էր մեկ տարով |armtimes.com|

armtimes.com: Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում անցկացվելու է հերթական մարդահամարը։ Այն նախատեսված էր անցած՝ 2020 թվականին, բայց կորոնավիրուսի համավարակի ու երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով վիճակագրական կոմիտեի առաջարկով եւ կառավարության որոշմամբ մարդահամարի ժամկետը հետաձգվել էր մեկ տարով։

Վիճակագրական կոմիտեի մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը պարզաբանեց՝ մարդահամարի ժամկետի երկարաձգումը պայմանավորված էր նրանով, որ մարդահամարի հաշվառումն անցկացվելու էր համակցված եղանակով, և բացի բնակչության պետական ռեգիստրի տվյալներից, պետք է իրականացվեր նաև բնակչության 25 տոկոսի անմիջական հարցում` այսինքն ստանալու մարդահամարի ծրագրով սահմանված այն տվյալները, որոնք ներառված չեն բնակչության   ռեգիստրում, որն էլ ենթադրում է մարդահամարի աշխատակիցների շփում շուրջ 750 000 մարդու հետ:

«Ակնհայտ էր, որ ստեղծված իրավիճակում մարդահամարի աշխատանքների հետագա ընթացքի ապահովումը դառնում էր ռիսկային, ինչով պայմանավորված Վիճակագրական կոմիտեի առաջարկով, ՀՀ կառավարության որոշմամբ, 2020թ. հոկտեմբերի 18-27 անցկացվելիք մարդահամարի ժամկետը մեկ տարով երկարաձգվեց», - ասաց Կույումջյանը։

Այսպիոսվ, հաջորդ մարդահամարը կանցկացվի 2021թ. հոկտեմբերի 14-23-ը և ըստ նախնական գնահատականների տվյալների հավաքումը կանցկացնեն 2 200 հաշվարար ու 450 հրահանգիչ-հսկիչ: Ներգրավվելու են նաև առնվազն 27 մարզային և ք.Երևանի դաշտային աշխատանքների համակարգողներ ու 383 ցուցակագրողներ, որոնք պետք է անցնեն ուսուցման համապատասխան դասընթաց և գիտելիքների ստուգում: Աշխատակիցները ընտրվելու են Վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվելիք մրցույթի միջոցով։

Մարդահամարի նախապատրաստման, անցկացման, տվյալների մշակման և տարածման աշխատանքների ծախսերը, նախնական գնահատմամբ, կազմում է շուրջ 1․4 մլրդ դրամ։ Վերջնական արդյունքները, ըստ Կարինե Կույմուջյանի պատրաստ կլինեն 2022 թվականին։ «Մարդահամարի նախնական արդյունքների հրապարակումը՝ միջոցառումների ծրագրով նախատեսված է 2022թ. 1-ին եռամսյակում, իսկ վերջնական արդյունքները՝ սկսած 2022թ. 4-րդ եռամսյակից՝ ըստ մարդահամարի ծրագրի առանձին բաժինների»,- մանրամասնեց նա:

Վիճակագրական կոմիտեն այս տարի ձեռք կբերի պլանշետներ` հաշվարարների և հրահանգիչ հսկիչների թվին համապատասխան: Հաշվարարներն ընտրված տնային տնտեսություններ այցելությունների միջոցով պլանշետներում լրացնելու են մարդահամարի հարցաթերթով սահմանված հարցերի պատասխանները՝ տնային տնտեսության յուրաքանչյուր անդամի համար: Կարինե Կույումջյանի խոսքով, պլանշետները կօգտագործվեն նաև մարդահամարից հետո Վիճակագրական կոմիտեի կողմից անցկացվող` տնային տնտեսությունների կենսապայմանների, աշխատուժի և այլ ընտրանքային հետազոտությունների ժամանակ:

Մինչ բուն մարդահամարի անցկացումը, Հայաստանում 2019 թվականի հոկտեմբերի 3-12-ն անցկացվել է փորձնական  մարդահամար՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում։ Դրա նպատակը, ըստ Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի, հետեւյալն էր․ «Փորձարկել 2020թ. անցկացվելիք մարդահամարի հարցաթերթի և մեթոդաբանական այլ գործիքների, տվյալների հավաքման, վիճակագրական մշակման, դասակարգումների և կազմակերպչական գործառույթների, հավաքված տվյալների մշակման նպատակով իրականացված ծրագրային ապահովմանն առնչվող գործառույթները՝ ՀՀ բնակչության 1 տոկոսը ներառող բնակչության շրջանում»։

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել