ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրություններ է իրականացնում ջրօգտագործողների ընկերություններում՝ ՀՀ պետական բյուջեից դրամաշնորհ տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատակով։
Ինչպես հայտնեցին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից, արդեն իսկ ամփոփվել են Արմավիր, Էջմիածին, Արտաշատ և Արարատ ջրօգտագործողների ընկերությունների մասով ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացվել են ՀՀ վարչապետին։
Ընդհանուր գումարային արտահայտությամբ խախտումները կազմել են շուրջ 3,6 մլրդ դրամ։ «Արտաշատ» և «Արմավիր» ՋՕԸ-ի մասով հայտնաբերված խախտումները կազմում են ավելի քան 2,6 մլրդ դրամ։
Ուսումնասիրության ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և բացահայտվել են մի շարք երևույթներ։
Մասնավորապես,
Ուսումնասիրությամբ պարզվել են, որ խորքային հորերի և պոմպակայանների կողմից փաստացի ծախսված էլ. էներգիայի պայմաններում խորքային հորերի և պոմպակայանների իրական արտադրողականության հիման վրա կատարված հաշվարկի արդյունքում ընկերության կողմից մատակարարված ջրի դիմաց տարեկան հասույթը պակաս է ցույց տրվել, որը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեից։
Այսինքն, ուսումնասիրություն իրականացնող խմբի և Ջրային պետական կոմիտեի համապատասխան մասնագետների կողմից ջրաչափումներ են իրականացվել բոլոր պոմպակայաններից և խորքային հորերից փաստացի ծախսվող էլ․էներգիայի և մղվող ջրի ծավալների մասով՝ ստացվել են յուրաքանչյուրի արտադրողականությունները և դրանք համեմատվել Ջրային համակարգում առկա տվյալների հետ։
Արդյունքում պարզվել է, որ Ջրային համակարգում առկա տվյալները՝ արտադրողականությունները և հզորությունները, պակաս չափով են մուտքագրված, հետևաբար՝ նույն չափով ծախսված էլ․էներգիայի պայմաններում ցույց է տրվել ավելի քիչ չափով մատակարարված ոռոգման ջուր, սակայն կարելի է փաստել, որ ջուրը մղվել է, դրա դիմաց հասույթը գանձվել է, սակայն չի արտացոլվել հաշվետվություններում, կամ այդ չափով պակաս էլ․էներգիայի գումար պետք է հաշվարկվեր և վճարվեր։
Միևնույն ժամանակ, ուսումնասիրություն իրականացնող խմբի կողմից ընկերության սպասարկման տարածքում հայտնաբերվել են մշակվող հողատարածքներ, որոնք փաստացի ոռոգվել են, սակայն ՋՕԸ-ի հետ չեն ունեցել համապատասխան պայմանագրեր։ Հետևաբար, կարելի է պնդել, որ ոռոգման ջուրը մղվել է, սակայն դրա դիմաց հասույթը չի արտացոլվել Ջրային համակարգում։
Հիմնական միջոցների հաշվառման ուսումնասիրությամբ պարզվեց, որ Ընկերության կողմից կատարվել են հիմնական միջոցների դուրս գրումներ, որոնց վերաբերյալ բացակայում են դուրս գրման ակտերը։
comment.count (0)