Գալիս եմ՝ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ձեր հարցերին պատասխանելու. վարչապետը՝ սյունեցիներին |armtimes.com|
09:28 - 21 դեկտեմբերի, 2020

Գալիս եմ՝ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով ձեր հարցերին պատասխանելու. վարչապետը՝ սյունեցիներին |armtimes.com|

armtimes.com: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է սյունեցիներին՝ Սյունիքի մարզ ուղեւորվելու ճանապարհին: Ըստ վարչապետի, ինքը տեղյակ է, որ Սյունիքի մարզ այցելելու մասին իր գրառումը որոշակի կրքեր է բորբոքել, սակայն չի մեկնում Սյունիք՝ կրքեր բորբոքելու համար, այլ նախ՝ սյունեցիների նկատմամբ իր հարգանքի եւ գնահատանքի խոսքը փոխանցելու:

«Երկրորդն ու ամենակարեւորը՝ ձեր աչքերի մեջ նայելով ձեր հարցերին պատասխանելու, անհրաժեշտ բացատրություններ տալու եւ ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ձեր տված հարցերն ինչպիսին են լինելու եւ ես ձեր հարցերին կկարողանամ պատասխանել,  ձեր կասկածները փարատել: Եթե նման համոզմունք չունենայի, նման որոշում չէի կայացնի:

Իմ նպատակը ոչ թե կրքեր բորբոքելը կամ իրավիճակը գրգռելն է, այլ ձեր աչքերի մեջ ուղիղ նայելը եւ ձեր հարցերին պատասխանելը, բոլոր սյունիքցիների նկատմամբ իմ հարգանքի եւ գնահատանքի տուրքը մատուցելու:

Խնդրում եմ, կոչ եմ անում բոլորին՝ առանց այն էլ լարված այս իրավիճակում կրքեր չբորբոքել: Ես ձեզ հետ խոսելիս իմ հայացքը չեմ փախցնելու, ես պարտավորություններ ունեմ յուրաքանչյուրիդ առաջ եւ գալիս եմ ցույց տալու, որ իմ պարտավորությունները պատրաստ եմ կատարել լիարժեք: Հույս ունեմ, մեր խոսակցությունը տեղի կունենա: Ես համոզված եմ, որ իրավիճակը միասին կհաղթահարենք, պարզապես բովանդակության շուրջ պետք է ունենանք կոնկրետ խոսակցություն:

Էլի ուզում եմ հավաստիացնել, որ Սյունիքի մարզից ու առհասարակ ՀՀ տարածքից ոչ մի մմ հող չի զիջվելու: Եվ այս մասին կխոսեմ ձեզ հետ, կխոսեմ բաց: Իմ հարգանքների հավաստիքը բոլոր սյունիքցիներին, ովքեր ուզում են, որ այս խոսակցությունը տեղի ունենա, հարգանքներս նաեւ մարդկանց, ովքեր այլ կարծիքի են, ես պատրաստ եմ նաեւ նրանց հարցերին պատասխանել»,-նշեց վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել