Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը` կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը |armenpress.am|
13:48 - 15 դեկտեմբերի, 2020

Մինսկի խմբի համանախագահները լրացրել են իրենց հայտարարությունը` կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրացրել են դեկտեմբերի 14-ի իրենց հայտարարությունը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և կոչ անելով նվազեցնել սադրիչ հռետորաբանությունը: Հայտարարության նոր տարբերակը հրապարակված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում:

«Ընդգծելով վերջին դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները, որոնք հանգեցրել են զոհերի, համանախագահները կողմերին կոչ են արել լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման համար՝ իրենց պարտավորություններին համապատասխան։ Հղում անելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ԱԳ նախարարների դեկտեմբերի 3-ի հայտարարությանը, համանախագահները կրկին հայտարարում են իրենց միասնական դիրքորոշման մասին՝ ի նպաստ բոլոր մնացած հիմնական հարցերի համապարփակ և կայուն կարգավորման։ Համանախագահները և կողմերը կարևորել են սադրիչ հռետորաբանության նվազեցումը՝ ավելի դրական մթնոլորտ ստեղծելու համար»,- ասված է հայտարարությունում:

Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ ավարտել բոլոր պահվող անձանց փոխանակումը և արագացնել աճյունների նույնականացումն ու հայրենադարձումը՝ ԿԽՄԿ-ի հետ համատեղ:

«Համանախագահները և կողմերը կարևորել են միջազգային կազմակերպությունների հետ փոխգործակցությունը՝ հակամարտության հետևանքով տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության համար»,- նշված է համանախագահների հայտարարությունում:

Դեկտեմբերի 14-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ռուսաստանից Իգոր Պոպով, Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտի և Ամերիկայի Միացյալ Նահանգներից Էնդրյու Շոֆեր) տարածաշրջանային այցից հետո հանդես են եկել հայտարարությամբ: Պոպովը, սակայն, Բաքու և Երևան այցին չէր մասնակցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել