Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ․ Նիկոլ Փաշինյան
12:26 - 14 դեկտեմբերի, 2020

Շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ․ Նիկոլ Փաշինյան

Դեկտեմբերի 19-ից ՀՀ-ում եռօրյա սուգ կհայտարարվի, հիշատակի երթ կկազմակերպվի Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր, եւ հիշատակի այլ միջոցառումներ։ Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ։

«Այդ օրվա դրությամբ, հավանական է, մեր ոչ բոլոր նահատակների մարմինները հայտնաբերված կլինեն, կունենանք չճանաչված բազմաթիվ մարմիններ, բայց պետական այս կարգի որոշումը այլեւս չի կարելի հետաձգել։ Ուզում եմ կրկին հավաստիացնել, որ մարմինների որոնման, ճանաչման, անհետ կորածների գտնվելու վայրի պարզաբանման աշխատանքներն ավելի ինտենսիվ կդառնան»,- նշեց նա։

Վարչապետն ընդգծեց, որ իրենք իրագործում են ներկայացված ճանապարհային քարտեզի մյուս դրույթները՝ հավելելով, ոչ ԵԱՀԿ ՄԽ համանախագաները երկարատեւ դադարից հետո այցելել են տարածաշրջան․ ՄԽ ձեւաչափում բանակցությունների վերականգնում ճանապարհային քարտեզի առաջին կետն էր։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ տասնյակ հազարավոր արցախցիներ արդեն վերադարձել են իրենց բնակավայրեր, իրականացվում են բազմաթիվ սոցաջակցության ծրագրեր՝ նրանց օր առաջ բնականոն կյանքի վերադարձնելու համար։

«Հայտնի շրջանակները տեղեկատվական ահաբեկչության մի իսկական գործընթաց են սկսել ՀՀ-ի եւ ՀՀ-ի ժողովրդի դեմ։ Տարածվում է ամենատարբեր սուտ եւ կիսասուտ տեղեկություն, եւ սրա նպատակը մեր ժողովրդի շրջանում խուճապ ստեղծելն է։ Պարզ է, որ դրությունը, որում գտնվում ենք, բավականին բարդ է, բայց մեր առաջնային խնդիրը Հայաստանում եւ Արցախում, Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունության եւ անվտանգության հաստատումն է, եւ մենք ամեն օր աշխատում ենք այս ուղղությամբ»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ ինքը խնդիր է առաջադրել, որ պաշտոնական տեղեկությունն ավելի ինտենսիվ եւ ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին եւ ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները։

Կան իրավիճակներ, որոնք, վարչապետի խոսքով, դեռ զարգացող են, եւ դրանց վերաբերյալ պաշտոնական տեղեկությունը երբեմն հապաղում է, քանի որ իրադարձությունները զարգանում են, եւ քանի դեռ չկա դրանց արձանագրման որեւէ իրավիճակ, պաշտոնական տեղեկությունները կարող են նեգատիվ ազդեցություն ունենալ իրավիճակի վրա։

«Որեւէ մեկը չպետք է կասկած ունենա, որ Հայաստանի սահմանների անխախտելիության սկզբունքը պաշտպանված է հուսալիորեն»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նաև ընդգծեց, որ ժողովրդի կողմից իրեն տրված կարգավիճակից կարող է հրաժարվել «միայն ժողովրդի կամարտահայտման հավաստի արդյունքների հիման վրա»։

«Քանի դեռ նման կամարտահայտություն տեղի չի ունեցել, շարունակելու եմ կատարել վարչապետի իմ գործառույթները եւ պարտավորվել եմ դա անել շիտակ ու ազնիվ»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել