Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին․ Նիկոլ Փաշինյան
12:13 - 14 դեկտեմբերի, 2020

Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին․ Նիկոլ Փաշինյան

Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով, ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, դրանց մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ։

«Իհարկե, ՀՀ-ի, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, բայց դա պետք է կառավարել սառնասիրտ կերպով՝ մեր ռազմավարական գործընկերների հետ համագործակցությամբ, ինչն անում ենք»,- նշեց նա։

Անդրադառնալով հայ գերիների վերադարձի հարցին՝ վարչապետն ասաց, որ ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին։

«Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին։ Մեր մտածումը հետեւյալն է․ այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես՝ Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը հնարավոր է՝ գերեվարված լինեն»,- ընդգծեց նա։

Վարչապետը վստահեցրեց նաև, որ նոր թափով պիտի տեղի ունենա նաեւ զոհերի մարմինների փնտրտուքը եւ չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը, եւ ամեն ինչ արվում է այս գործընթացն օր առաջ ավարտելու համար։ Նա հավելեց, որ մինչեւ տարեվերջ չեն կարողանա այն լրիվ ավարտել։

«Գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար, ընդհանուր առմամբ, շատ կարեւոր է միջավայրի բարելավումը, որովհետեւ, ինչպես հասկանում եք, այդ պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չէ կախված, եւ մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջավայրը բարելավվի, եւ այս հարցերում կարողանանք աշխատել ավելի արդյունավետ»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ Հին Թաղեր եւ Խծաբերդ բնակավայրերում քաղաքացիական բնակչություն չի եղել։

«ՌԴ խաղաղապահները շաբաթ-կիրակի տեղակայվել են այս բնակավայրերում․ նրանք պետք է ապահովեն այդ տարածքների կարգավիճակի համապատասխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին»,- ասաց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել