Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է Էստոնիայի նորանշանակ դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորել է Ռինա Կալյուրանդին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Կալյուրանդին Ավետ Ադոնցին փոխանցել է Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի ողջույնները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։
Կողմերն անդրադարձել են ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցերին:
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորել է միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:
Էստոնիայի նորանշանակ դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ԱԳ նախարարի տեղակալն ու Էստոնիայի դեսպանը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
comment.count (0)