Դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Սեդա Սաֆարյանը՝ Վերաքննիչի որոշումից հետո |aysor.am|
13:10 - 25 հունիսի, 2019

Դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել. Սեդա Սաֆարյանը՝ Վերաքննիչի որոշումից հետո |aysor.am|

aysor.am։ Եթե դատարանների նկատմամբ ճնշում չգործադրվի, դատարաններն ունակ են օբյեկտիվ դատական ակտ կայացնել, այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանի որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Փաստաբանը պնդեց, որ տուժողների ներկայացուցիչների ու դատախազների ներկայացրած միջնորդությունները հիմնավոր էին, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կոպիտ խախտումներով էր որոշում կայացրել, իսկ խափանման միջոցը փոխելու որոշումը կայացնելիս չէր ուսումնասիրել գործի նյութերը։

«Եթե դատավոր Դանիելյանը գտավ, որ կարող է հաղթահարել իր մեջ ստեղծված արգելքը, կայացնել այս կարգի արդար վճիռներ, ուրեմն լավ է», - ավելացրեց Սաֆարյանը։

Փաստաբանը նկատեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, որը Քոչարյանի և մյուսների գործը որոշել էր կասեցնել ու ուղարկել Սահմանադրական դատարան, չի կարող դատաքննություն իրականացնել։

«Ես կարծում եմ, որ Դավիթ Գրիգորյանը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Նա խափանման միջոցի քննության ժամանակ էլ երկու անգամ ինքնաբացարկ է հայտնել և ես շատ եմ ցավում, որ չի կարողացել իր մեջ երրորդ անգամ ուժ գտնել և ճիշտ որոշում կայացնել», - ասաց Սաֆարյանը։

Նկատենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել էր մեղադրող դատախազների, ինչպես նաև տուժողների, տուժողների իրավահաջորդների միջնորդությունները։

Դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։

Դանիելյանը նաև որոշել էր վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, ինչը նշանակում է, որ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել