Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը․ Նիկոլ Փաշինյան
11:33 - 16 նոյեմբերի, 2020

Հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը․ Նիկոլ Փաշինյան

Սեփական կետ ասելով՝ ես նկատի ունեի, որ մենք փորձում ենք եւ փորձելու ենք չհամաձայնվել «տարածքներ՝ ոչնչի դիմաց» տրամաբանությանը։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որն է հիմա վարչապետի սեփական կետը բանակցություններում, քանի որ վերջինս իր պաշտոնավարման սկզբում ասել էր՝ բանակցությունները սկսում է իր սեփական կետից։

«Մենք պետք է վերլուծենք, եւ ձեւակերպենք այն օրակարգը, որ ունենք այսօրվա իրավիճակի շուրջ եւ պետք է սպասարկենք այդ օրակարգը՝ մասնավորապես կենտրոնանալով ԼՂ կարգավիճակի հարցի վրա։ Ամենակարեւոր խնդիրը, որ ԼՂ-ի ժողովուրդը պետք է ապրի ԼՂ-ում, եւ կարգավիճակի հարցը մեզ համար նոր սրությամբ ու նոր կարեւորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաեւ հումանիտար, կոմունիկացիոն, տրանսպորտային եւ այլ հարցեր»,- նշեց նա։

Վարչապետն անդրադարձավ նաև հարցին, թե տարբեր քաղուժեր բարձրաձայնում են, որ ստորագրված հայտարարության կետերը կարելի է ավելի հայանպաստ դարձնել․ ինչո՞ւ այդ ուժերի հետ երկխոսություն չկա։

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, ընդգծեց, որ որեւէ քաղաքական ուժից չի ստացել առաջարկ, որ նրանք գիտեն ինչպես ավելի լավը դարձնել։

«Բայց ես էլի ուզում եմ ասել, որ խնդիրն այն է, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության, որը, ցավոք, մենք ունեցել ենք տվյալ իրավիճակում։ Ըստ էության, հետադարձորեն փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադարությունը, ինչը, կարծում եմ, համենյան դեպս այսօր իրատեսական խնդիր չէ նման ձեւակերպում անելու համար։ Ինչ վերաբերում է բանակցային հետագա գործընթացին՝ այդ փաստաթղթում կան բազմաթիվ դրույթներ, որոն դեռ մեկնաբանությունների կարիք ունեն, եւ այդ մեկնաբանությունների ընթացքում բոլոր առաջարկներն ի մի կբերվերն, լավագույնները կփորձենք կյանքի կոչել»,- ասաց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել