Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար․ Նիկոլ Փաշինյան
11:21 - 16 նոյեմբերի, 2020

Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար․ Նիկոլ Փաշինյան

Որեւէ կասկած չկա ինձ համար, որ ես եմ այն թիվ մեկ պաշտոնյան, ով պատասխանատու է տեղի ունեցածի համար, տեղի ունեածի համատեքստում կրում է պատասխանատվությունը։ Այս մասին այսօր տեղի ունեցած օնլայն ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ընդունում է պատասխանատվությունը, որ պատերազմը իր վարած քաղաքականության հետեւանքն է նաեւ, եւ եթե ոչ, ապա ով է այն պաշտոնյան, որը պատասխանատու է տարածքային կորուստների, զոհերի ու գաղթականների համար։

«Եվ ես ինձ հաշիվ եմ տալիս, որ էս փաստի բերումով պետք է կանգնեմ մեր ժողովրդի դատի առաջ, բայց որպեսզի տվյալ դեպքում դատավաոր-ժողովուրդը կարողանա եզրահանգումների գալ, ինքը պետք է տիրապետի գործի հանգամանքներին։ Այսինքն՝ պետք է խոսակցություն տեղի ունենա, հենց նույն զինվորներին, ընդդիմությանը, կառավարությանը լսելը, բոլորին լսելը էս պրոցեսի շատ կարեւոր մասն է»,- նշեց նա։

Վարչապետը հայտնեց, որ կարևոր  է արձանագրել, թե ինչ է տեղի ունեցել։

«Իսկ տեղի է ունեցել հետեւյալը․ 2018-ի մայիսի դրությամբ ԼՂ հարցի կարգավորման բանակցային գործընթացը մեզնից առաջ հատել էր չվերադառնալիության կետը, երբ, ըստ էության, հարցը մտել էր «տարածքներ՝ ոչնչի դիմաց» տրամաբանության փուլ։ Հիմա եթե ուշադիր նայեք լրատվական դաշտը, կտեսնեք, որ շատ հանրապետականներ էսօր ի ցույց են դնում 2018-ի իրենց գրառումները, կանխատեսումները՝ ասելով, որ ԼՂ-Ի շուրջ բարդություններ են լինելու, ընդհուպ հողեր են հանձնվելու, եւ այլն։ Էստեղ կա երեք տարբերակ․ կամ էդ մարդիկ մարգարե են, կամ մեր կառավարությունն ու անձամբ ես դավադիր եմ, հատուկ եկել եմ Արցախի համար պրոբլեմներ ստեղծելու, եւ կամ էլ էդ մարդիկ պարզապես էդ ժամանակ իմացել են, թե որ կետի վրա է մնացել Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացը, ուր է հասել, եւ ինչ անխուսափելի պահանջներ եւ կոնսենսուս կա ՀՀ-ի առաջ»,- ասաց վարչապետը։

Հիմա, Նիկոլ Փաշինյանի խոսքով, իր վարած քաղաքականությունն այդ համատեքստում եղել է փորձել չհամաձայնել այդ ամենի հետ, փորձել փոխել տրամաբանությունը։

«Եվ, ըստ էության, հիմա կարող ենք ասել, որ ցավոք, այո, մեզ դա չի հաջողվել, որովհետեւ, ըստ էության, մենք կանգնած ենք եղել եւ կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ եղել է միջազգային կոնսենսուս, որ տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց որեւէ նախապայմանի։ Մենք չենք կարողացել փոխել էդ տրամաբանությունը եւ գուցե փոխելու հնարավորթյունները ճիշտ չենք գնահատաել, բայց, մյուս կողմից, եթե ճիշտ չենք գնահատալել, պետք է համակերպվեի՞նք դրա հետ։ Ես, օրինակ, չէի կարող դրա հետ համակերպվել, եւ փորձել եմ ամեն ինչ անել Հայաստանի դիմադրողականությունն այդ հարցի վերաբերյալ բարձրացնելու համար, փորձել եմ ամեն ինչ անել, որ մեր ԶՈՒ-ի մարտունակությունն ու զինվածության մակարդակն էականորեն բարձրանա»,- ընդգծեց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը ասաց, որ այդ հարցի համատեքստում իրենց մեղադրում են հակադարձ բաների մեջ, օրինակ, մեղադրում, ասում են՝ դուք ստորագրեցիք թուղթ, որ հանձնվեն որոշակի տարածքներ, բայց մյուս կողմից մեղադրում են, որ ավելի վաղ չենք ստորագրել թուղթ, որպեսզի էդ տարածքները հանձնվեն։

«Մեզ մեղադրում են հա՛մ հանձնելու, հա՛մ չհանձնելու մեջ։ Ավելի շուտ չստորագրելու մասով ես ասացի, որ մեր բանակը կռվել է այնքան ժամանակ, մինչեւ այդ դիմադրությունը ունեցել է կոնկրետ իմաստ, նպատակ՝ ռազմավարական եւ մարտավարական։ Եւ մեզ մյուս կողմից էլի մեղադրում են հակադարձ բաների մեջ, մեղադրում են, որ պատերազմի ընթացքում զոհեր են եղել, մեղադրում են, որ մենք զոհերից խուսափելու համար եւ մեր 20-35 հազարանոց խմբավորման շրջափակումը թույլ չտալու համար գնացել ենք այդպիսի քայլերի։ Այս ամենի պատասխանատվությունն առաջին հերթին իմն է, բայց այդ պատասխանատվությունը լիարժեք կրելու համար ես հարկ եմ համարում, որ բոլոր հանգամանքները մանրամասն պարզաբանվեն հանրության համար»,- եզրափակեց վարչապետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել