Լինեմ անկեղծ՝ տրամաբանությունը կարող է պատկերացնեի, բայց բովանդակությունից տեղյակ չէի․ Անդրանիկ Քոչարյան
15:44 - 13 նոյեմբերի, 2020

Լինեմ անկեղծ՝ տրամաբանությունը կարող է պատկերացնեի, բայց բովանդակությունից տեղյակ չէի․ Անդրանիկ Քոչարյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասում է՝ խորհրդարանն այս ճգնաժամային իրավիճակում պետք է շարունակի իր աշխատանքը:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանը՝ պնդելով, որ իր գլխավորած հանձնաժողովն այս ընթացքում աշխատանքները դադարեցրել է միայն կես օր: Հարցին, թե ինչու ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին չի գնացել, Քոչարյանն արձագանքեց՝ այդպես է որոշել:

«Նիստեր անպայման պետք է լինեն, քննարկվելիք բազմաթիվ թեմաներ կան»,- ասում է Քոչարյանը՝ ընդգծելով, որ օրակարգը պետք է բխի երկրի ներքին ու արտաքին անվտանգությունից:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ ստեղծված էքստրեմալ իրավիճակում խորհրդարանը պետք է իր աշխատանքը շարունակի, խորհրդարանական ուժերն այս հարթակում պետք է քննարկումներ ունենան, սակայն այդ ամենը պետք է լինի ներքին անվտանգության խնդիրները հաղթահարելուց հետո:

«Իրար հետ մենք պետք է դուրս գանք այս վիճակից, որ թե՛ Պաշտպանության բանակը, թե՛ զինված ուժերը այս հոգեբանական անկումային վիճակից արագ դուրս  գան»,- ասաց նա:

Քաղաքական մեծամասնության պատգամավորի համոզմամբ՝ հակառակորդը փորձելու է տարբերակներ գտնել՝ իր առավելությունները զարգացնելու համար. հրադադարը շատ կարևոր է, որպեսզի անվտանգային ամբողջ համակարգը բոլոր զարգացումներին պատրաստ լինի: Քոչարյանը հիշեցնում է, որ դեռևս չի հաստատվել 2021 թվականի պետական բյուջեի նախագիծը, այն պետք է այս իրողության տրամաբանության մեջ լինի:

Հարցին, թե արդյոք մինչ հայտնի փաստաթղթի ստորագրումը, վերջինիս բովանդակությունից տեղյակ եղել է, Քոչարյանը պատասխանեց.

«Լինեմ անկեղծ՝ տրամաբանությունը կարող է պատկերացնեի, բայց բովանդակությունից տեղյակ չէի, և կարծում եմ՝ տեղյակ չեն եղել շատերը»:

Քոչարյանի կարծիքով՝ այժմ պետք է համախմբվել բանակի շուրջ, որպեսզի զինված ուժերն իրեն մենակ չզգա:

Պատգամավոը պնդում է՝ պատերազմը չի ավարտվել, հրադադար է,  պարզապես Թուրքիայի ախորժակը զսպվել է, իսկ ներքաղաքական խնդիրներին կարելի է ադրադառնալ միայն կայունություն հաստատելուց հետո:

«Պետությունն ունի նման խնդիրների սահմանադրական լուծումներ, պետք է գնանք հստակ քաղաքական լուծումների ճանապարհով, բայց դրանք չպետք է խոչընդոտ լինեն զինված ուժերի մարտական հերթափոխի կառավարման համար: Թուրքիայի ախորժակը չի փակվել, պարզապես զսպվել է»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել