ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը. ակնհայտ առաջատար չկա |hetq.am|
12:14 - 04 նոյեմբերի, 2020

ԱՄՆ-ում շարունակվում է նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը. ակնհայտ առաջատար չկա |hetq.am|

hetq.am: Ամերիկյան բոլոր նահանգներում փակվել են նախագահական ընտրությունների ընտրատեղամասերը։ Վերջին նահանգը, որտեղ ավարտվել են ընտրությունները, Ալյասկան է։ Այնտեղ վերջին ընտրատեղամասը փակվել է Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին։

Ընտրությունների ելքը շարունակում է մնալ անհայտ։ The New York Times-ի առցանց քարտեզի տվյալներով՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաղթում է Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը՝ հավաքելով ընտրիչների 224 ձայն։ Թրամփն էլ ստացել է ընտրիչների 213 ձայն։ Fox News-ն էլ հայտնում է, որ Բայդենը ստացել է 238, իսկ Թրամփը ընտրիչների 213 ձայն։ BBC-ն գրում է, որ Թրամփը հաղթում է, մասնավորապես, Տեխաս նահանգում, ինչը հնարավորություն կտա նրան ստանալ 38 ընտրիչների ձայները։ 

Ջո Բայդենը հաղթել է հայաշատ Կալիֆոռնիայում, Օրեգոն, Վաշինգտոն, Կոլորադո, Նյու Մեքսիկո, Մինեսոտա, Իլինոյս, Նյու Յորք, Նյու Հեմփշիր, Վերմոնտ և ԱՄՆ արևելյան ափի այլ նահանգներում, իսկ Թրամփը հաղթել է Տեխասում, Ֆլորիդայում, Այդահոյում, Յուտայում, Մոնտանայում, Վայոմինգում, Նեբրասկայում, Կանզասում, Ալաբամայում և այլ նահանգներում։ Մի շարք նահանգներ էլ, ինչպես օրինակ Փենսիլվանիան, հայտարարել են, որ ժամանակավորապես դադարեցնում են քվեաթերթիկների հաշվարկը։

Զուգահեռաբար գործող նախագահ և հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է «մեծ հաղթանակի» մասին։ Բացի այդ, նա նշել է, որ իր մրցակիցը և Բայդենի կողմնակիցները ցանկանում են գողանալ հաղթանակը։

«Մենք երբեք դա նրանց թույլ չենք տա»,- գրել է Թրամփը։ Սոցիալական կայքը Թրամփի գրառումը պիտակել է որպես «վիճելի բովանդակություն»։ 

Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենը նույնպես հանդես է եկել կոչով։ Ելույթ ունենալով Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում՝ նա հայտարարել է, որ գտնվում է հաղթանակի ճիշտ ճանապարհին։ «Մենք գիտեինք, որ քվեաթերթիկների աննախադեպ քանակի պատճառով հաշվարկը կարող է ավելի երկար տևել, քան սովորաբար»,- նշել է Բայդենը։

Կարդալ ավելին՝ hetq.am-ում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել