Դատարանն արձանագրել է, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում առգրավումներ կատարելիս, դուռը կնիքելիս քննիչը խախտել է դատավորի իրավունքները |pastinfo.am|
11:39 - 03 նոյեմբերի, 2020

Դատարանն արձանագրել է, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում առգրավումներ կատարելիս, դուռը կնիքելիս քննիչը խախտել է դատավորի իրավունքները |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ բավարարել է ՀՔԾ քննիչի կողմից Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը կնիքելու և առանց դատարանի որոշման խուզարկություն կատարելու դեմ փաստաբան Գեորգի Մելիքյանի բողոքը և արձանագրել, որ դատավորի աշխատասենյակում առգրավումներ կատարելու գործընթացում խախտվել են դատավորի իրավունքները, այդ թվում` պաշտպանական::

Դատարանը սեպտեմբերի 25-ի որոշմամբ` մասնավորապես արձանագրել է, որ ՀՔԾ ՀԿԳ քննիչը, արգելելով Դավիթ Գրիգորյանին մասնակից լինել առգրավման գործողությանը, թույլ է տվել վերջինիս արդյունավետ պաշտպանության իրավունքի խախտում. «ՀՔԾ քննիչը ՀՀ քրեական օրենսգրքով չնախատեսված գործողություն կատարելով, այն է՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դուռը կնքելով՝ սահմանափակել է Դավիթ Գրիգորյանի իրավունքը մուտք գործել իր աշխատասենյակ»,-նշված է դատարանի որոշման մեջ:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նաև արձանագրել է, որ Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվող խուզարկության կատարմանը փաստաբան Գեորգի Մելիքյանի մասնակցությունը չթույլատրելը հանգեցրել է Դավիթ Գրիգորյանի՝ իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի խախտմանը:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը 2019թ. մայիսի 18-ի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել անձնական երաշխավորությունը, որպիսի միջնորդությամբ դատարանում հանդես էին եկել Արցախի գործող եւ նախկին նախագահները, իսկ մայիսի 20-ին որոշում էր կայացրել նաեւ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու մասին։

Այս որոշումներից հետո Դավիթ Գրիգորյանի նկատմամբ իրականացվեցին դատավարական գործողություններ ու մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նրա լիազորությունները ժամանակավորապես կասեցված են։

Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, նախկինում արձանագրել է, որ Դ. Գրիգորյանին մեղադրանքի առաջադրումն ուղեկցվել է խախտումներով, այդ թվում չի հաղթահարվել անգամ նրա գործառութային անձեռնմխելիությունը, որը մտել է օրինական ուժի մեջ: Այսինքն, գործը ենթակա էր կարճման, բայց դատախազությունն այդուհանդերձ այն ուղարկեց դատարան, որտեղ դեռեւս նախապատրաստական փուլում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել դատարանին՝ գործի վարույթը կարճելու մասին և դատավոր Դավիթ Բալայանը, ուսումնասիրելով գործի նյութերը, հունիսի 5-ին որոշում է կայացրել վարույթը կարճելու՝ երկու հիմքով՝ դատավարական ու քրեաիրավական նորմերի խախտման համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել