ՀՀ նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին
11:03 - 14 հունիսի, 2019

ՀՀ նախագահը հյուրընկալել է Բեյրութի Սբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Բեյրութի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ճեմարանի շրջանավարտների միության ներկայացուցիչներին, ովքեր Հայաստանում են իրենց վարչական մարմնի հավաքն անցկացնելու նպատակով:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, հյուրերը ներկայացրել են միության ծրագրերն ու անելիքները: Նրանք տեղեկացրել են նաև, որ նպատակներից մեկն էլ իրենց ճեմարանի նախկին բազմավաստակ տնօրեն Սահակ վարդապետ Քեշիշյանի 100-ամյակի ոգեկոչումն է և նրա հիշատակի հավերժացումը:

Ողջունելով նրանց մտադրությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է օժանդակել Գյումրի քաղաքի՝ աջակցության կարիք ունեցող որևէ կրթօջախի՝ հաշվի առնելով, որ Սահակ վարդապետ Քեշիշյանը ժամանակին հոգևոր և մշակութային գործունեություն է ծավալել նաև Գյումրիում: «Այն լավագույն արժեքները, որ ստեղծվել են, որ ունենք, պետք է փոխանցենք հաջորդ սերնդին: Իզուր չէ, որ հայր Սահակն իր ուշադրությունը Գյումրիի վրա էր կենտրոնացրել: Այն մեր պատմական, կրթական ու մշակութային կենտրոնն է եղել և պետք է շարունակի այդպիսին մնալ», -ասել է նախագահը:

Հյուրերը պատրաստակամությամբ են ընդունել առաջարկը, ինչպես նաև ներկայացրել Սահակ վարդապետի հիշատակին նվիրված իրենց մյուս նախաձեռնությունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել