Արման Թաթոյանը միջազգային փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ-ի վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները խաղաղ բնակիչների նկատմամբ
19:22 - 01 նոյեմբերի, 2020

Արման Թաթոյանը միջազգային փորձագետներին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ-ի վայրագություններն ու մարդու իրավունքների խախտումները խաղաղ բնակիչների նկատմամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել «Մեկ ազատ աշխարհ» (One Free World International) միջազգային իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր Մաջեդ Էլ Շաֆիի և Իսլանդիայի խորհրդարանի անդամ Բիրգիր Թորարինսոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի աշխատակազմը։

«Խաղաղ բնակչությանը թիրախավորելն ու նրանց նկատմամբ արգելված զինատեսակներ կիրառելը, վարձկան ահաբեկիչների ներգրավումը, հայատյացությունն ու ադրբեջանական զինված ուժերի վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը վկայում են, որ խնդիր է դրված Արցախում իրականացնել էթնիկ զտում ահաբեկչական մեթոդներով»,- նշել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր խաղաղ բնակիչների նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի վայրագությունների ու հանցագործությունների, այդ թվում՝ արգելված զինատեսակների կիրառության, քաղաքացիական բնակչության թիրախավորման և ենթակառուցվածքների ավերածությունների վերաբերյալ։

Հանդիպման մասնակիցները ընդգծել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության կարևորությունը և ձեռք են բերել համագործակցության նոր պայմանավորվածություններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել