Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ |armtimes.com|
00:21 - 31 հոկտեմբերի, 2020

Էգեյան ծովի թուրք-հունական հատվածում երկրաշարժի հետեւանքով 14 զոհ, 542 տուժած կա 2 կողմում. ամփոփ |armtimes.com|

armtimes.com: Այսօր 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է  տեղի ունեցել Էգեյան ծովում՝ Թուրքիայի ու Հունաստանի սահմանին: Երկրաշարժը ավերիչ է եղել հատկապես թուրքական Իզմիր եւ հունական Նեոն-Կառլովասի քաղաքների համար: Փրկարար ծառայությունների փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, 12 մարդ է զոհվել թուրքական հատվածում, 2-ը՝ հունական, բայց թիվը կարող է աճել, քանի որ ընթանում են որոնողական աշխատանքներ փլատակների տակ, վիրավորների թիվը գերազանցում է մի քանի հարյուրը:

Թուրքիայի Իզմիր քաղաքում, նախնական հաշվարկներով, մոտ 20 բնակելի շենք է ավերվել: Երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ Իզմիրից բացի տուժել են նաեւ Բայրաքլի եւ Բորնովա քաղաքային շրջանները:

Երկրաշարժի մասին հայտնի դառնալուց մի քանի ժամ անց  հայտարարվեց, որ զոհերի թիվն աճել է՝ սկզբում հայտարարված 6 մահվան փոխարեն նշվեց 12-ը:  Վնասվածքներ է ստացել 522 մարդ, փլատակների տակից դուրս է բերվել 70 տուժած քաղաքացի (23:30-ի տվյալներով):

Իզմիրում ավերակների տակ մնացած քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքներին  մասնակցում է փրկարարական 35 ջոկատ ու բժշկական օգնության 40 բրիգադ, ինչպես նաեւ 2 բժշկական ուղղաթիռ: Փրկարարական ուժերին օգնում են տեղի բնակիչները: Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում 17 ավերված ու վնասված կառույցների տարածքում:

Բացի երկրաշարժի ցնցման վնասներից, Իզմիրից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող Սեֆերիհիսարում ծովային ալիքը հեղեղել է մի շարք քաղաքային շրջաններ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանձնարարությամբ գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության, ինչպես նաեւ էկոլոգիայի եւ քաղաքաշինության նախարարները մեկնել են երկրաշարժի կենտրոն:

Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը հայտարարել է, որ երկրաշարժից հետո հանրապետությունում գրանցվել է 67 հետցնցում, միայն կես ժամվա ընթացքում, առնվազն 21 հետցնցում է գրանցվել, որոնցից ամենահզորը՝ 4.9 մագնիտուդ ուժգնությամբ: 

Իզմիրում այս շրջանում հանգստացող տասնյակ զբոսաշրջիկներ կան աշխարհի տարբեր ծայրերից: Նրանց շրջանում տուժածների թվի մասին հստակ տեղեկություններ առայժմ հայտնի չեն:

Երկրաշարժը զգացվել է նաեւ Ստամբուլում ու հունական Աթենքում: Սամոս շրջանում առաջին ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 13:51-ին (15:51՝ Հայաստանի ժամանակով): Սամոսում վնասվածքներ է ստացել 20 մարդ, երկուսին Աթենք են տեղափոխել ինքնաթիռով: Լուրջ կոտրվածքներ են ստացել 14-ամյա մի երեխա ու 63-ամյա տղամարդ:

Սամոսի հիվանդանոցում է գտնվում 7 վիրավոր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Այստեղ երկրաշարժի հետեւանքով կան նաեւ զոհեր՝ 15-ամյա պատանի ու 17-ամյա աղջիկ, նրանք անցնելիս են եղել նեղ փողոցով, երբ ցնցումներից փլուզվել է պատը: 

Հունական Նեոն Կառլովասիում երկրաշարժի հետեւանքով փլուզվել է սուրբ Տիրամայր եկեղեցու գմբեթը («Panagia tou Teotoku»): Տեղական Sky հեռուստաընկերությունը հաղորդում է այլ շենք-շինությունների շուրջ վնասների մասին:

Թուրքիայում ու Հունաստանում ցունամիի բարձր վտանգավորության աստիճան է հայտարարվել: Իկարիա, Կոս եւ Հիոս հունական կղզիների բնակիչներին խորհուրդ է տրվում լքել ափամերձ տարածքները եւ հեռանալ շենքերից, քանի որ նոր ցնցումների մեծ հավանականություն կա:

Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել