Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով պետական բյուջեից հատկացումներ չեն եղել  |hetq.am|
15:15 - 30 հոկտեմբերի, 2020

Արցախից Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով պետական բյուջեից հատկացումներ չեն եղել |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված քաղաքացիների կեցության կարիքները հոգալու նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացումներ չեն եղել:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը աջակցություն ցուցաբերել են գործընկեր կազմակերպությունները՝ այդ թվում նաև մասնավոր հատվածից: Հարցմանն ի պատասխան նշել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախարարության փոխանցմամբ՝ ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց վերաբերյալ թվային տվյալների տրամադրումը հնարավոր չէ՝ համաձայն ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման, դրանց ամբողջական չլինելու հանգամանքով պայմանավորված, ինչպես նաև այն պատճառով, որ նախարարությունը Արցախից ժամանակավորապես Հայաստան տեղափոխված անձանց հաշվառում իրականացնող լիազոր պետական մարմին չէ:

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, իր լիազորությունների շրջանակում, պատասխանատու է միայն Արցախից Հայաստան ժամանակավորապես տեղափոխված անձանց կեցության պայմանների ապահովման համար»,- նշված է նախարարության պատասխանում:

Իսկ Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը տեղեկացնում է, որ Հայաստան Արցախից ինքնաբուխ կերպով ժամանած անձանց մասին տվյալները դինամիկ փոփոխական են, հավաքագրման և մշակման փուլում են:

Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ կեցության պայմանների ապահովման նպատակով Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան 14/1 հասցեում ստեղծվել է Արցախից նոր ժամանող և հստակ կեցավայր չունեցող քաղաքացիների առաջնային կայանման շուրջօրյա կետ, որտեղ կեցության կարիքի գնահատումից հետո քաղաքացուն առաջարկվում է ժամանակավոր կացության վայր, նրա համաձայնության դեպքում՝ ապահովվում տեղափոխումը: Բացի այդ, գործում են նաև 117 և 114 թեժ գծերը, որոնցով ևս իրականացվում է կեցության վայրի կարիքի գնահատում, որտեղից ստացված հայտերը հավաքագրվում են համակարգող մարմնի կողմից: Թեժ գծերը գործում են շուրջօրյա և անվճար են: Դրանից հետո քաղաքացիներին, հետադարձ կապի միջոցով, առաջարկվում է ժամանակավոր կացարան: Քաղաքացու համաձայնության դեպքում իրականացվում է տեղափոխում:

Համակարգող մարմնի մոտ հավաքագրվում են ինչպես կեցության կարիք ունեցող քաղաքացիների տվյալները, այնպես էլ կեցության վայր առաջարկող քաղաքացիների, մասնավոր սեկտորի ներկայացուցիչների ամբողջական տվյալները: Կարիքի և առաջարկի համադրման միջոցով լուծվում է քաղաքացիների ժամանակավոր կեցության հարցը:

Նախարարությունից նաև հայտնում են, որ Հայաստան տեղափոխվածների սննդի, հագուստի, հիգիենայի պարագաների կարիքները հոգում են տեղական ինքնակառավարման մարմինները, կրթական գործընթացի կարիքները՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, առողջապահական ծառայությունների կարիքները՝ Առողջապահության նախարարությունը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել