Մարդասիրական քայլ. ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը |tert.am|
07:49 - 29 հունիսի, 2019

Մարդասիրական քայլ. ԵԱՀԿ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակումը |tert.am|

tert.am։ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստանի Դաշնություն) և Էնդրյու Շոֆերի (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) հետ, որոնք հանդես են եկել նաև Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի անունից: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքից:

Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակն անդրադարձել է համանախագահների գրանցած վերջին հաջողություններին՝ մասնավորապես ապրիլի 15-ին Մոսկվայում և հունիսի 20-ին Վաշինգտոնում համանախագահների հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև կայացած հանդիպումներին:
Համանախագահները Սլովակիայի ԱԳ նախարարին են հայտնել են նաև մարդասիրական հարցերում գրանցած առաջընթացի, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ձերբակալվածների փոխանակման մասին:

Լայչակն իր լիակատար աջակցությունն է հայտնել Մինսկի գործընթացին և համանախագահների աշխատանքին, ինչպես նաև լարվածությունը նվազեցնելու և խաղաղության ու բանակցությունների գործընթացում առաջընթացին նպաստող մթնոլորտ ստեղծելուն ուղղված ջանքերին:

Մեկնաբանելով գերիների փոխանակումը՝ ԵԱՀԿ գործող նախագահն ասել է. «Մենք ողջունում ենք այս մարդասիրական քայլը»: Նա հավելել է, որ սա «ցույց է տալիս, որ երկխոսությունը հակամարտության հետևանքով տուժած մարդկանց համար կարող է դրական արդյունքներ գրանցել»:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունն այս հումանիտար քայլն իրականացրել է առանց որևէ նախապայմանի:

Միևնույն ժամանակ երեկ Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին է փոխանցվել 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել