Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցներին
18:04 - 28 սեպտեմբերի, 2020

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է լրատվամիջոցներին

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այսօր հարցազրույցներ է տվել վրացական առաջատար լրատվամիջոցներին (Ռուսթավի 2, Իմեդի, Վրաստանի հանրային հեռուստաընկերություն և այլն)։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

Հարցազրույցներում դեսպանը, մասնավորապես, անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, Թուրքիայի ապակառուցողական գործողություններին, Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործման փաստին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչության թիրախավորմանը։

Դեսպանը նաև դատապարտել է Վրաստանի խորհրդարանի ազգությամբ ադրբեջանցի պատգամավորների ռազմամոլական հայտարարությունները` նշելով, որ բազմազգ Վրաստանն այն երկիրը չէ, որի խորհրդարանի պատգամավորները կարող են նմանօրինակ հայտարարություններ իրենց թույլ տալ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել