Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ ինքը՝ ինձ․ Փաշինյանը մանրամասնում է, թե Ալիեւն ինչ է խնդրել Դուշանբեում
15:00 - 28 սեպտեմբերի, 2020

Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ ինքը՝ ինձ․ Փաշինյանը մանրամասնում է, թե Ալիեւն ինչ է խնդրել Դուշանբեում

Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով։ Այս մասին լրագրող Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասնելով, թե Իլհամ Ալիեւն ինչ է խնդրել իրենից։

Մինչ երկու տարի առաջ Դուշանբեում Ալիեւի հետ ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին անդրադառնալը՝ Փաշինյանը նախ եւս մեկ անգամ վերահաստատեց, որ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարելու լիազորություն այսօրվա կառավարությունում հեղափոխությունից հետո ունեցել է երկու անձ՝ մեկը՝ Արտաքին գործերի նախարարը, մյուսը՝ ինքը․

«Որեւէ երրորդ անձ որեւէ բանակցություն վարելու, քննարկում վարելու լիազորություն չի ունեցել, եւ դա կատարյալ անհեթեթություն է։ Ընդգծեմ, որ եւս մի պաշտոնյա՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, որոշակի դերակատարում է ունեցել ձեզ հայտնի օպերատիվ կապի ապահովման գործում՝ իմ եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Բայց դա եղել է որոշակի սպասարկող գործառույթ, այսինքն՝ նա լիազորություն չի ունեցել Ղարաբաղի հարցի վերաբերյալ բանակցելու»։

Փաշինյանը հիշեցրեց, որ ինքն իր անունից խոսել է կոնֆիդենցիալ տեղեկության մասին՝ ելնելով կոռեկտությունից ելնելով, բայց, հաշվի առնելով Ադրբեջանի նախագահի անհասկանալի պահվածքը, այսօր կարծում է՝ այդ մասին խոսելու ճիշտ ժամանակն է։

Վարչապետը նկատեց՝ Ալիեւն ասում է, թե ինքը Դուշանբեում եւ, ընդհանրապես, 2018 թվականի հեղափոխությունից հետո ժամանակ է խնդրել։ Փաշինյանը նկատեց՝ պարզ է, որ Հայաստանը շահագրգիռ է, որ հրադարարի ռեժիմը պահպանվի, ապա հարց հնչեցրեց՝ բա Ադրբեջանը եւ Ադրբեջանի նախագահը ինչո՞ւ էին շահագրգիռ, որ այդ պայմանավորվածությունը տեղի ունենա․

«Իրականում ոչ թե ես եմ Ադրբեջանի նախագահին խնդրանքով դիմել, այլ Ադրբեջանի նախագահն է ինձ դիմել խնդրանքով, եւ այդ խնդրանքի իմաստը եղել է հետեւյալը․ եթե հիշում եք՝ այդ ժամանակաշրջանում Երեւանի քաղաքապետի ընտրություններն էին, եւ գործնականում ամեն օր մենք հանրահավաքներ էինք ունենում։ Այնպես ստացվեց, որ մի շարք հանգամանքների բերումով դրանից առաջ էլ ես մի շարք ելույթներով անդրադառնում էի Ադրբեջանում տիրող իրավիճակին եւ փորձում էի, այսպես ասած, խոսակցություն ծավալել Ադրբեջանի ժողովրդի հետ եւ որոշակի քննադատական խոսքեր էի հնչեցնում Ադրբեջանում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Եւ Իլհամ Ալիեւի շահագրգռությունը, որ էնտեղ ինչ-որ համաձայնություն տեղի ունենա, մի բանի վերաբերյալ էր, որ ինքն ինձ խնդրի, որպեսզի ես Ադրբեջանի վերաբերյալ այդ ելույթներից ձեռնպահ մնամ»,- մանրամասնեց Փաշինյանն ու հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ, շատ պարզ պատճառով։ Վարչապետի խոսքով այդ շրջանում՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, աշխարհը եւ տարածաշրջանի ընդդիմադիր ուժերը ոգեւորված էին, Ադրբեջանի սոցիալական ցանցերում քննարկվում էր, որ այս ալիքը շուտով կհասնի Ադրբեջան, եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մտավախություն ուներ, որ այդ ելույթներն իսկապես կարող են որոշակի քաղաքական պրոցեսներ հրահրել Ադրբեջանում․

«Ալիեւն անձամբ է խնդրել, եւ Դուշանբեի համաձայնությունների կետերը ես ինքս եմ ձեռագրով գրել բլոկնոտի վրա, եւ մենք այդ կետերը քննարկել ենք ու արձանագրել, որ եկանք համաձայնության։ Ես գոհ եմ, որ էդպիսի համաձայնություն է ձեռք բերվել, որովհետեւ նախ Ադրբեջանի ներքին հարցերն ամենեւին էլ իմ օրակարգի հարցերը չեն, եւ երկրորդը՝ դրա արդյունքում հայ զինվորների կյանքեր են խնայվել, եւ ես դրա համար գոհ եմ»։

Բայց այստեղ, Փաշինյանի համոզմամբ, ամբողջ կոնտեքստն այն բանի մեջ է, որ այսօր Ադրբեջանի նախագահն ասում է՝ ինքն այն ժամանակ չօգտվեց առիթից, մեծահոգաբար հնարավորություն տվեց Հայաստանին, որպեսզի հետհեղափոխական իշխանությունը կայանա։

Իրականում, ՀՀ վարչապետի վստահեցմամբ, հակառակն է։ Այդ ժամանակ Ալիեւի իշխանությունը ոչ Ղարաբաղի հարցով էր մտահոգված, ոչ էլ ուրիշ բաներով, նա մտահոգված էր մի բանով, որ հեղափոխական ալիքն Ադրբեջան չհասնի․

«Ե՛ւ այս փաստը, ե՛ւ հետագա փաստերն ի վերջո գալիս են ի ցույց դնելու, որ Ղարաբաղի հարցն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության համար ոչ թե Ադրբեջանի ազգային շահերի հարց է, այլ ընդամենը սեփական իշխանությունը եւ բռնատիարական համակարգը պահպանելու միջոց, եւ մենք այսօր էլ ենք այդ իրավիճակը տեսնում»,- եզրափակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել