Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, ստորագրման չբերեք. վարչապետ |armtimes.com|
12:37 - 27 օգոստոսի, 2020

Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, ստորագրման չբերեք. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, որը թույլ կտա սեպտեմբերին արտակարգ դրությունը չերկարաձգել։

Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միեւնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը:

Նախագծերով սահմանվում են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման և հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց՝ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների և (կամ) բուժման և (կամ) կանխարգելման և (կամ) հոսպիտալացման (ներառյալ՝ ոչ հոժարակամ) վերաբերյալ, ՀՀ տարածքում Միջազգային առողջապահական (բժշկա-սանիտարական) կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ պահանջներ։

Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ինչպես նաև օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում և այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ:

Հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ նախագիծը միայն երեկ է իրենց ներկայացվել՝ կարծիքի համար։

Ինչին արձագանքելով՝ վարչապետը դժգոհություն հայտնեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ դրվելու, երբ Կառավարության նիստին հնչում է, որ երեկ երեկոյան է ուղարկվել կարծիքի, սա ինչքա՞ն է շարունակվելու»։

Աղաջանյանն ասաց, որ շահագրգիռ մարմիններին ուղարկելու պարտականությունը հարցը զեկուցող արդարադատության նախարարությանն էր։

Իր հերթին Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե որ գերատեսչությունն է լինելու հարցի զեկուցողը։

«Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, ստորագրման չբերեք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ, հաշվի առնելով հարցի հրատապությունը, կարող են քվեարկությամբ ընդունել, բայց մինչեւ ստորագրելը պետք է քննարկվի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել