Իջևան․ կա տարբերություն՝ բիզնես անողի ու փայտ քարշ տվողի միջև |epress.am|
12:46 - 19 հուլիսի, 2019

Իջևան․ կա տարբերություն՝ բիզնես անողի ու փայտ քարշ տվողի միջև |epress.am|

epress.am: Իջևանում հուլսիսի 17֊ին տեղի ունեցած բողոքի ցույցը ավարտվեց ոստիկանության և ցուցարարների միջև բախումներով։ Արդյունքում՝ կան վիրավորներ, 22 բերման ենթարկվածներ և 13 ձերբակալվածներ։ Ծառահատների բողոքի ցույցը տարօրինակ էր թվում՝ ձևով, բովանդակությամբ, տոնայնությամբ, ի վերջո՝ բախումներով։ Տարօրինակ էին թվում նաև հետագա բացատրությունները՝ հիմնականում, պաշտոնական, հաճախ՝ բազմաբովանդակ ակնարկներով։

Հետազոտող, մշակութաբան Համլետ Մելքումյանն, ով հուլիսի 17֊ին՝ կատարվածից առաջ և հետո դեպքի վայրում է եղել, ներկայացրեց որոշ մանրամասներ։ Մելքումյանի հետ հեռախոսազրուցի կրճատված սղագրությունը՝ ստորև․

― Մի քիչ առաջ նայեցի կառավարության նիստը. այնտեղ, այո, բոլորը լավ սպիտակ էին, իսկ ծառ կտրողները՝ լրիվ սև։

Երեկ [հուլիսի 17-ին]՝ առնվազն ժամը 17։00 մինչև գիշերվա 1:30-ը ճանապրահը փակ էր, ու մենք այնտեղ էինք։ Ես հասա արդեն այն ժամանակ, երբ խցանումը քաղաքի մուտքից՝ գինու գործարանից ձգվում էր մինչև մարզպետարան ու Բերդ տանող խաչմերուկը։ Փակ ճանապարհի առնվազն այդ հատվածը որևէ կերպ շրջանցելի չէ։ Իջևանցի ծանոթներիցս էլ հարցրեցի՝ կա արդյոք շրջանցման ճանապարհ, որով կարող ենք ինչ֊որ կերպ դուրս գալ այդտեղից, պարզվեց՝ չկա։

Առաջներում՝ նաև Թավշյայի ժամանակ, նման բան չի եղել, որ այնպիսի ճանապարհ փակվի, որը շրջանցման հնարավորություն չունի։ Սովորաբար փակվում է ճանապարհի այն հատվածը, որը դժվարությամբ, բայց որևէ կերպ հնարավոր է շրջանցել։ Այստեղ այդ իմաստով շատ կոնկրետ քայլ էր արված․ մարզի բկից բռնել էին։ Ամբողջ Նոյեմբերյանի թևը, Վրաստան գնացող թևը ու Բերդ գնացող թևը ընկած էր տուպիկի մեջ։ Ճանապարհն այդ օրը և այդ հատվածում փակելը ինձ համար նշանակում էր լավ պլանավորված գործողություն։

Կարևոր է, որ մինչ այդ քարաթափումների պատճառով փակվել էր նաև Ալավերդու ճանապարհը, ու պաշտոնապես այդ մասին հայտարարվել է, եթե չեմ սխալվում, տեղի ունեցածի նախորդ օրը։ Այսինքն՝ երբ Ալավերդուց անմիջապես հետո փակվում է նաև այս ճանապարհը, նշանակում է, որ միջպետական տեղաշարժման երկու ուղղություններն էլ անշարժեցված են։ Մնում է միայն Ստեփանավանի ճամփեն, որը գրեթե անանցանելի է բեռնատարների համար։ Մի խոսքով՝ շատ մտածված տեղ ու ժամանակ է, ու մեր միտքը միանգամից բացասական ուղղությամբ գնաց, որ կարա այս ամենը կազմակերպված և ուղորդված լինի նաև։

Խցանման մեջ կանգնած իջևանցի երիտասարդների ներքին խոսակցությունները ինձ համար առաջին նշանն էին, որ փողոց փակած մարդկանց նկատմամբ որոշակի սոլիդարություն կա քաղաքում՝ գոնե տղաների մեջ, տղայական ձևով։ Ցուցարարների ծառ կտրելը գուցե հարցականոտ լինի, բայց այն, որ իրենք իջևանցիներ են ու իրենք տղերք են, իրենք ամբողջությամբ այդ ներքին սոլիդարության դաշտում են գործում։ Խցանման մեջ կանգնած ժողովուրդն ամբողջ ընթացքում հանգիստ էր․ ոչ մի բարձրաձայն դժգոհություն։ Ինձ համար դա տարօրինակ էր, որովհետև գոնե այս մարզի բնակիչները, իսկ խցանման մեջ կանգնածների մեծ մասը, ամեն դեպքում, մարզի բնակիչներն էին, սովորաբար ավելի «պահանջկոտ» են․․․ Այսինքն՝ տեղացիները գիտեին, ովքեր են ճանապարհը փակել, գործում էր ներքին սոլիդարության սկզբունքը․․․

Ես ճանապարհը փակած տղաների մոտ գնացի մի փոքր ավելի ուշ՝ երեկոյան իննից հետո։ Այսինքն, երբ տեսա, որ այնտեղ ինչ֊որ բան է տեղի ունենում։ Ամբողջ այդ տարածքով անցնելիս փորձում էի լսել երիտասարդների խոսակցությունները, պարբերաբար, իհարկե, ալիք էր բարձրանում, որ մերոնք ջարդել են ոստիկաններին, լցրել են գետը․․․ Մեքենաների արանքով, խժբժոցի միջով մոտեցանք հենց այն տեղին, որտեղ ճանապարհը փակած տղաներն էին։ Փողոցի բոլոր հնարավոր ծառերի ճյուղերը արդեն ջարդվում էին ու օգտագործում որպես մահակներ՝ ոստիկաններին քշելու համար։

Ոստիկանները կոշտ են գործել․ նախ սկսել են ցուցարարներին ճանապարհից հրելով, հետո՝ մահակներով։ Հրելուն, պարզ է, տղաները չեն ենթարկվել, ու այդտեղից սկսվել է․ նրանք անցել են դուբինկեքի, սրանք սկսել են «ճյուղավորվել»։ Երբ ես մոտեցա, տղերքից մեկը տեսավ ինձ ու Թամթային, ասաց՝ սրանք եկել են Երևանից, գիտեն էշ իջևանցոնց վրա դուբինկա են բարձրացնելու, մենք ծառերի հետ ենք ստեղ կռիվ տալիս ամեն օր․․․

Ցուցարարները, ճանապարհ փակողները մոտ 200-250 հոգի էին, առավելագույնը 35-40 տարեկան տղաներ, հիմնականում՝ մինչև 35 տարեկան։ Իջևանցիներից բացի կային նաև Դիլիջանից, հարակից գյուղերից եկած տղաներ։ Տեղում ես խոսեցի առնվազն 15 հոգու հետ, պտտվեցի խմբերով։ Ընդհանրացնելով, կարելի է ասել, որ բախումների վայրում մարդկանց երկու շերտ կար․ նրանք, ովքեր կիզակետում էին, և նրանք, ովքեր ցրված էին ամբողջ տարածքով մեկ։

Կիզակետում գտնվողները լավ ծեծվել էին։ Խժբժոցի միջից բարդ է առանձնացնել։ Լուսավորություն չկար, ես կարող եմ պլյուս-մինուս մի քիչ սխալվել, բայց մոտ քառասուն հոգու մասին է խոսքը։ Չգիտեմ՝ իրենցից քանիսն էր լուրջ վնասվածքներ ստացել, բայց մի քանի հոգի իսկապես ծեծված էին։

Օրինակ, տղաներից մեկը, ով հատկապես ակտիվ էր, լավ ջարդուփշուր էր եղել, ձեռքը բոլորովին չէր աշխատում։ Մոտեցանք այդ մարդկանց, հարցնում էինք՝ ի՞նչ է եղել, ո՞նց, ասում էին՝ Ալիևի զորքը մեզ ջարդեց։ Շատ նեղված էին:

Բախումներից հետո ընկճված վիճակ էր։ Մարդիկ խոսակցությունների մեջ հասել էին նրան, որ իրենք իրենցից ձեռք էին քաշում։ Ասում էին՝ կանգնելու ենք մինչև վերջ, ասում էին՝ մեզ ջարդելու են, փակելու են, էս են անելու, էն․․․

Չէ, ոստիկաններից չէին նեղված։ Իրենք պետական վերաբերմունքից էին նեղված: Ուղղիղ այդ մասին ասում էին։ Տե՛ս, բոլորովին ակնհայտ էր, որ իրենց համար ծառ կտրելու անօրինականությունը հասկանալի չէ: Այսինքն՝ ծառահատման ապօրինությունը իսկապես չեն ընկալում այդ մարդիկ։

Մանավանդ, երբ արդեն կտրել-պրծել են։ Դա որպես հավելյալ փաստարկ է կիրառվում։ Վերջին շրջանում Իջևանի խորքերում «դռուժբաները» անընդհատ աշխատում էին, ձայնը մշտապես կանգնած էր։ Չգիտեմ՝ որքան են հասցրել կտրել, բայց հիմա, երբ պոստերը կան և օդերը, կարծես, իսկապես փակվել են, իրենց առաջին և հիմնական պահանջն էր՝ հանել պոստերը, թույլ տալ արդեն իսկ կտրածը որևէ ձևով իրացնել: Ենթադրենք, դա կարող է խնդրի լուծում լինել, բայց ի՞նչ է լինելու, երբ կտրածը իրացնեն։ Կարծես, փորձելու են նորից կտրել: Դա արդեն փորձված բան է։

Բնապահպանական բացատրությունները իրենց կողմից ընկալվում են որպես ֆասադ։ Շատերը մտածում են, որ արգելքը սահմանվել է ընտրովի գործելու համար։ Այսինքն՝ իրենց կարգելեն, որպեսզի կտրեն ուրիշները, նրանք, ովքեր ավելի համոզիչ թիկունք ունեն․․․ Օրինակ, Անտառտնտեսությունները։

Իրենք ուղիղ ասում են, որ մեզ չեն թողնում, որպեսզի իրենց կողմից «պրախոդ» ունեցողները փայտը ավելի համակարգված ձևով հատեն ու տեղացիներին ծախելուց բացի, հանեն դեպի Իրան, դեպի արտերկիր․․․Իրենք ասում են, որ Անտառտնտեսությունն է անում այդ գործը, և շարունակելու է անել՝ իրենց մեջտեղից հանելով։ Այսինքն՝ անհատ ձեռներեցները դուրս կգան, կմանան նրանք, ովքեր արտոնված են։ Այնտեղ ես դա ուղիղ լսել եմ, այո, բողոքող տղերքից մի քանիսն այդ մասին խոսում էին։ Պարզ է, որ ամենայն հավանականությամբ իրադրությունը կարող է այդպիսին չլինել, բայց և պարզ է, որ Սերժի ժամանակ անտառներն իսկապես լայնածավալ վաճառվել են՝ ֆուռերով և այլն, ու, իհարկե, ոչ այս տղաների կողմից։ Նրանց կասկածամտության աղբյուրները նույնպես կարող են հասկանալի լինել։

Ուզում եմ ասել, որ երեկվա պատկերը, գոնե ինձ համար, խիստ սոցիալական էր։ Հավաքված մարդիկ, Օսիպյանի հետ բանակցողները․․․ Ես իրենց հետ պարբերաբար զրուցում էի։ Շատ հստակ խնդիր կա․ այդ մարդկանց կողմից ծառահատումը ընկալվում է որպես աշխատանք: Լավն է, թե վատն է, բայց դա իրենց աշխատանքն է եղել շարունակաբար: Մինչև համակարգը վերաբերմունքը փոխել է: Վերաբերմունքի այդ փոփոխությունն իրենց մոտ չի ընկալվել:

Նպատակահարմարության հարցը օդում կախված է, բացատրված չէ, իսկ աշխատանքի խնդիրը ավելի շոշափելի է և ընկալելի։ Դա իրենց աշխատանքն է, որովհետև ուրիշ աշխատանք իրենք չունեն և մեծ հաշվով չեն էլ կարող ունենալ․․․կրթության, հմտությունների, ինտեգրման, սոցիալական բազայի խնդիր կա․․․ Ամեն դեպքում, մարդիկ դպրոցն ավարտել, գնացել ծառայել են, հետ են եկել ու կամ կով պիտի պահեին, կամ անտառ կտրեին: Զգալի մասը անտառն է ընտրել: Ամեն մեկը մի հատ ջարդված վիլիս ունի…

Այո, բոլորը չէ, որ կարող են անտառ մտնել։ Պարզ է, որ անտառը կոռուպցիոն դաշտ է եղել։ Բայց անտառ մտնողների մեջ էլ տարբերություններ կան․ օրինակ, բիզնես անողի և կիլոմետրերով փայտ քարշ տվողի, ծախողի, մուծվողի ու տակը մնացած փողով ապրողի․․․

Երեկվա հավաքվածների մեծ մասն այս տեսակի տղերք էին․ թևաթափ կանգնած՝ բա ի՞նչ ենք հիմա անելու․․․ Կային նաև կերած խմած մարդիկ, որոնք խոսելիս ասում են՝ դե մի գորՁ լինի․․․ Գործը երբ բիզնես է դառնում, ձ-ով են ասում։ Մի չորս հոգի կար, որ լավ հագնված էին, սափրված, հարդարված գլուխներով: Երևում էր, որ ունեվոր մարդիկ են։ Մյուսները՝ առօրյա տեսքով, չսափրված, հասարակ շորերով:

Հետաքրքիր է, որ գործի մասին խոսելիս, ասում էին, որ Քրիստոսի խաչն է իրենց անտառ գնալն ու փայտ հանելը․ գերանդիները մի հինգ կիլոմետր անտառում են քարշ տալիս, ամեն ծառ կտրելն էլ պարզ չի՝ ոնց կավարտվի, ում գլխին կընկնի կամ չի ընկնի… Իրականում շատ ծանր, վտանգավոր աշխատանք է: Ամեն օր ծառերի հետ կռիվ են տալիս: Օսիպյանին հենց այդպես էլ ասացին: Օսիպյանը պատասխանեց՝ հա, ես լավ պաշտոնի եմ, լավ փող եմ ստանում, գոհ եմ իմ աշխատանքից, նրանք էլ ասեցին՝ մենք էլ ենք ուզում ստաբիլ նորմալ գործ ունենալ: Օսիպյանն ի պատասխան մի անեկդոտ պատմեց: Հայտնի այն անեկդոտը, որ ասում է՝ իբր իմ դարդերը քիչ էին, հարևանս էլ մերսեդես առավ: Այդպես անեկդոտներով բանակցում էին։

Ավելին՝ epress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել