tert.am: ԱԺ հատուկ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, դիմելով ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանին, անդրադարձավ Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերին՝ ընդգծելով, թե դրանք միանվագ են եղել:
«Կառավարության կողմից սոցիալական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ 20-րդ և 22-րդ ծրագրերը նախատեսում են միանվագ դրամական օգնության տրամադրում այն քաղաքացիներին, որոնք կա´մ զրկվել են աշխատանքից, կա´մ տուժած ոլորտի աշխատակիցներ են: Եթե քաղաքացին աշխատանքը կորցրել է մարտին՝ 5 ամիս առաջ, այդ ընթացքում ստացել է 68 000 աջակցություն, որը ամսական մոտ 13 000 դրամ է կազմում: Մեկ ամսվա ընթացքում գոյություն պահպանելու համար այդ գումարը բավարար չէ»,- ասաց պատգամավորը:
Կարեն Սիմոնյանն այնուհետև հետաքրքրվեց՝ արդյո՞ք Կառավարությունը նախատեսում է ևս մեկ անգամ տրամադրել դրամական օգնություն այն քաղաքացիներին, որոնք արդեն իսկ ստացել են աջակցություն:
Տիգրան Ավինյանն արձագանքեց, որ սոցիալական աջակցության ծրագրերով մինչ օգոստոսի 11-ը տրամադրվել է 26.2 միլիարդ դրամի աջակցություն՝ տարբեր շահառուների: «Որոշակի ծրագրեր կրկնակի են վերագործարկվել՝ ևս մեկ անգամ աջակցություն է տրամադրվել»,-հավելեց պարետը:
comment.count (0)