Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց
19:13 - 05 օգոստոսի, 2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը սկսել է Լիբանանի հայ համայնքի կարիքների գնահատման և վերլուծության գործընթաց

Այսօր՝ վաղ առավոտից, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը և անձամբ Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կապ են հաստատել Լիբանանի հայ համայնքի հոգևոր, կրթական, առողջապահական, բարեգործական, լրատվական տասնյակ կառույցների ներկայացուցիչների և ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանի հետ, կատարել Բեյրութում իրավիճակի ու կարիքների նախնական գնահատում: Այս մասին հայտնում են  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։

Ըստ համայնքից ստացված տեղեկատվության՝ այժմ համայնքում առկա են հետևյալ առաջնային կարիքները՝ դեղորայքի տրամադրման կամ գնման օգնություն (հատկապես՝ քրոնիկական հիվանդություն ունեցողների համար), առաջնային անհրաժեշտության սնունդ և ջուր, հայահոծ թաղամասերում բնակարանների, խանութների, եկեղեցիների, հանրային կենտրոնների վերանորոգման ֆինանսական աջակցություն, հայրենադարձվել ցանկացողների վերադարձի գործընթացի հեշտացում և աջակցություն:

Համայնքային ներկայացուցիչները երկրորդային կարիք են մատնանշել համայնքին հոգեբանական աջակցության տրամադրումը:

Համայնքային գործիչներն ընդգծել են նաև, որ իրենք ևս անցկացնում են կարիքների գնահատում, և վերջնական վերլուծության համար անհրաժեշտ է որոշ ժամանակ:

Այսօր երեկոյան Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի գլխավորությամբ տեղի է ունենալու հավաք  համայնքային ղեկավարների հետ, որի ընթացքում կքննարկվեն հենց այս հարցերը:

Արամ Ա կաթողիկոսը և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Լիբանանում և հայ համայնքի շրջանակներում ընդհանուր իրավիճակը, խոսվել է զոհերի և վիրավորների մասին: Այժմ ջանքերն ուղղված են իրավիճակը ճիշտ գնահատելու ուղղությամբ, որը թույլ կտա աջակցությունը դարձնել ավելի թիրախային: Գլխավոր հանձնակատարը Արամ Ա-ի հետ մշտական կապի մեջ է համակարգային ձևով աշխատելու համար:

Կարիքների հիման վրա մեր գրասենյակի կողմից կատարված վերլուծությամբ՝ կառաջարկվեն աջակցության ընթացիկ ուղիներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել