Ալավերդու ճոպանուղու շահագործման հարցը շարունակում է օդում կախված մնալ |armtimes.com|
09:15 - 30 հուլիսի, 2020

Ալավերդու ճոպանուղու շահագործման հարցը շարունակում է օդում կախված մնալ |armtimes.com|

armtimes.com: Շուրջ 6 տարի է, ինչ Ալավերդի քաղաքի ճոպանուղին դադարեցրել է գործունեությունը: Պաշտոնական խողովակներով դեռ այն ժամանակ հայտարարեցին, որ պատճառը կայծակի հարվածն է եղել, որը վնասել է շարժիչը: Ճոպանուղու բացակայությունը մինչ օրս շարունակում է մի շարք անհարմարություններ ստեղծել քաղաքի բարձրադիր եւ ցածրադիր երկու թաղամասի բնակիչների համար: Հատկապես՝ քաղաքի վերին մասում գտնվող Սարահարթ թաղամասի բնակիչների, որոնց համար քաղաքի կենտրոն իջնելու ամենահարմար ճանապարհը ճոպանուղին էր: Քաղաքի հենց ներքեւի հատվածում են տեղակայված պետական հիմնարկները:

Թե՛ այն ժամանակ, երբ ճոպանուղին աշխատում էր, ու թե՛ հիմա, երբ չի շահագործվում,  գործում է երթուղային տրանսպորտ, սակայն ըստ ալավերդցիների՝ ճոպանուղին ամենահարմար տարբերակն էր գնի եւ արագության առումով, եւ իրենք միշտ օգտվել են ճոպանուղուց:

Ճոպանուղին շահագործման է հանձնվել 1977 թվականին: Այնուհետ արդեն անցել պղնձաձուլական գործարանին՝ «Վալեքս» խմբի ընկերության հաշվեկշիռ:

Քաղաքում պետական կամ այլ միջոցներով իրականացվող փոփոխություններին զուգահեռ, ալավերդցիները սպասում են ճոպանուղու շահագործմանը, որը բացի տրանսպորտային միջոց լինելուց, գրավում էր նաեւ քաղաք այցելող ու քաղաքով անցնող զբոսաշրջիկներին, ովքեր պարտադիր կանգ էին առնում, օգտվում ճոպանուղուց՝ վայելելով վերեւից բացվող համայնապատկերը, Ալավերդին ու Լոռվա չքնաղ բնությունը:

Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանն ասաց, որ ճոպանուղու վերաշահագործման վերաբերյալ քանիցս բանակացություններ են տարվել գործարանի ղեկավարության հետ, անգամ գրավոր դիմումներ կան: «Մենք առաջարկել ենք, որ ճոպանուղին տան համայնքին: Եթե տան, մենք պատրաստ ենք որոշակի զարգացման ծրագրերի մեջ ներառել, սուբվենցիոն ծրագրերում ներառել, ներդրողներ գտնել, ու նորագույն տեխնոլոգիաներով վերաշահագործել»,- ասաց քաղաքապետը՝ նշելով, որ առաջարկը դեռեւս օդում կախված է:

Սարահարթ թաղամասի բնակիչները պատմեցին, որ թաղամասը բազմամարդ է, ճոպանուղին կապում էր իրենց թաղամասը քաղաքի ներքեւի հատվածի հետ: Դեռ այն ժամանակ, երբ գործարանն աշխատում էր, ճոպանուղու ժամանակացույցը հարմարեցվել էր նաեւ գործարանի աշխատակիցների աշխատանքային գրաֆիկի հետ:  Բնակիչներից մեկն էլ կարծիք հայտնեց, որ ճոպանուղու չվերագործարկումը հնարավոր է կապված լինի նաեւ երթուղային նշված գիծը սպասարկող կազմակերպության հետ: Ըստ բնակչի՝ ճապունուղուց օգտվում էր թաղամասի բնակչության մեծ մասը, անգամ նրանք, ովքեր մեքենա ունեն, շատ հաճախ մեքենաները կայանում էին ճոպանուղու հարեւանությամբ ու իջնում կենտրոն ճոպանուղով: Հետեւաբար՝ երթուղայինը աշխատում էր վնասով:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել