2019-ին թոքաբորբի դեպքերն ավելի շատ են եղել, քան 2020-ին. Հայաստանում գրանցված թոքաբորբի թվերը վերջին 5 տարիներին |fip.am|
15:56 - 24 հունիսի, 2020

2019-ին թոքաբորբի դեպքերն ավելի շատ են եղել, քան 2020-ին. Հայաստանում գրանցված թոքաբորբի թվերը վերջին 5 տարիներին |fip.am|

fip.am: Հանրության շրջանում տարածված կարծիք կա, որ Հայաստանում կորոնավիրուսի դեպքեր արձանագրվել են դեռևս հունվար-փետրվար ամիսներին, քանի որ այդ ժամանակահատվածում հիվանդացածներից որոշներն ունեցել են կորոնավիրուսի ախտանիշներին նմանվող ախտանիշներ։ Խոսքը, մասնավորապես, թոքաբորբի մասին է։ 

Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոնի բժիշկ Նվարդ Խաչատրյանը հունիսի 12-ին «Առավոտի» հետ զրույցում հայտնել էր, որ հունվար-փետրվար ամիսներին հատկապես մեծ է եղել թոքաբորբով իրեն դիմած քաղաքացիների թիվը։ 

«26 տարվա մեջ այդքան թոքաբորբ չեմ ախտորոշել, որքան այս տարվա հունվար-փետրվարին»,- նշել էր բժիշկը։ 

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց ուսումնասիրել վիճակագրությունը՝ հասկանալու, թե թոքաբորբի քանի դեպք է գրանցվել հանրապետությունում վերջին հինգ տարիներին (հատկապես հունվար-փետրվար ամիսներին) և ինչպիսին են եղել հիվանդության միտումները։

Չճշտված հարուցիչով թոքաբորբի դեպքերն ըստ տարիների

Թոքաբորբը թոքի շնչական հատվածի սուր վարակային բորբոքում է, որը սովորաբար առաջանում է բակտերային կամ վիրուսային վարակներից։ Թոքաբորբի հարուցիչն առաջին 4-10 օրվա ընթացքում անհնար է հայտնաբերել, ուստի հանրապետությունում գրանցված թոքաբորբի բոլոր դեպքերն ընդգրկվում են վիճակագրության «չճշտված հարուցիչով» տողում, բացառությամբ հայտնաբերված գրիպի հարուցիչով թոքաբորբի դեպքերի, որոնք, ի տարբերություն առաջինի, շատ ավելի փոքր թիվ են կազմում։ 

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2020 թհունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 2318 դեպք: Միայն փետրվար ամսին դեպքերի թիվը եղել է 1480, իսկ հունվարին` 838:

Մարտին թոքաբորբի 1101 դեպք է արձանագրվել, ապրիլին այդ թիվը նվազել է՝ հասնելով 412-ի։ 

2019 թ. հունվար-փետրվարին արձանագրվել է չճշտված հարուցիչով թոքաբորբի 2945 դեպք, որն այս տարվա ցուցանիշից ավել է 627-ով։ Հունվարին թոքաբորբով հիվանդների թիվը եղել է 1569, փետրվարին՝ 1376, մարտին՝ 1119 և ապրիլին՝ 802։ 

2018 թ. հունվար-փետրվարին չճշտված հարուցիչով թոքաբորբի 1341 դեպք է արձանագրվել, որից 691-ը՝ հունվարին, 650-ը՝ փետրվարին։ Մարտին գրանցվել է 699 դեպք, ապրիլին՝ 545։

2017 թհունվար-փետրվար ամիսներին արձանագրվել է թոքաբորբ հիվանդության 743 դեպք, որից 320-ը՝ հունվարին, 423-ը՝ փետրվարին։ Նույն տարվա մարտին չճշտված հարուցիչով թոքաբորբ է արձանագրվել 818 անձի մոտ, 494 դեպք էլ եղել է ապրիլին։

Թոքաբորբի դեպքերը բավական շատ են եղել հատկապես 2016 թ. հունվար-փետրվար ամիսներին` 3207։ Միայն հունվար ամսին գրանցվել է 2366 դեպք, փետրվարին՝ 841 դեպք, մարտին՝ 570 և ապրիլին՝ 637 դեպք։ Հատկանշական է, որ հենց այս ժամանակ էր երկրում տարածվել H1N1 խոզի գրիպը, որը սուր շնչառական վիրուսային ինֆեկցիա է և որի հետևանքով այդ տարի հանրապետությունում գրանցվել էր մահվան 19 դեպք:

 

Ինչ վերաբերում է կորոնավիրուսով հիվանդության ընթացքում արձանագրված թոքաբորբի դեպքերին, ապա Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից նշեցին, որ հանրապետությունում գրանցված թոքաբորբի բոլոր դեպքերը՝ անկախ նրանից, թե կորոնավիրուսի հետևանքով են կամ այլ չբացահայտված հարուցիչի, ընդգրկված են չճշտված հարուցիչով թոքաբորբի վիճակագրության մեջ։ Նոր կորոնավիրուսի առանձնացված վիճակագրություն կոմիտեն վարում է ապրիլ ամսից։ 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին հանրապետությունում արձանագրված թոքաբորբի դեպքերի թիվը, համեմատած նախորդ չորս տարիների հետ, ոչ միայն մեծ չէ, այլև նույնիսկ քիչ է 2019-ի և 2016-ի համեմատ։ 

Նելլի Լազարյան 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել